9 ամիս է մենք իշխանություն չենք, բա ո՞ւր են սփյուռքից ներդրումները
ՀՀԿ խոսնակ, ԱԺ վեցերորդ գումարման նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին, բայց Արարատի մարզպետը նշում է, որ կոկորդիլոսի բիզնես սկսելու հարցում էլ խնդիրներ կան, ասաց.
«Փաշինյանը հայտարարում է հայտարարելու համար, ինքը լավ հռետոր է, բայց շատ վատ կառավարիչ: Իրենից լավ վարչապետ դուրս կգա այնքանով, որքանով ինձնից լավ տիեզերագնաց: Փաստը ցույց է տվել, որ բոլոր ոլորտներում իր ցուցանիշները գահավիժում են: Ի՞նչ տնտեսական հեղափոխության մասին կարող է խոսք լինել, եթե աշխատատեղեր են կրճատվում: Այնտեղ էլ, որտեղ հույս կա, որ աշխատատեղեր կբացվեն կամ ինքը գնում ու բացում է, դրանք նախագծեր են, որոնք սկսվել են մեր իշխանության տարիներին: Հիմա այս քանի օրը մի տեղ էլ է բացելու կա՛մ ինքը, կամ իր ներկայացուցիչներից մեկը: Բայց էլի եմ կրկնում` դրանք նախագծեր են, որոնք սկսվել են մեր ժամանակ, իր իշխանության օրոք դեռ որեւէ գլոբալ ծրագիր չի արվել: 9 ամիս է մենք իշխանություն չենք, բա ո՞ւր են սփյուռքից ներդրումները: Ասում էին` մենք ենք խանգարում, բա ուր մնացին սերժթանկյանների խոսքերը, որ կգանք, երդրում կանենք: Էս ինչո՞ւ չեն գալիս»: