Այսօրվա դրությամբ Ադրբեջանում են գտնվում 4 հայ գերիներ. Նաիրա Զոհրաբյան
Այսօրվա դրությամբ Ադրբեջանում են գտնվում 4 գերիներ, որոնցից երկուսը Հայաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ մեկը Ռուսաստանի հայազգի քաղաքացի է: Հունվարի 17-ին ԱԺ նիստում այս մասին ասաց Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին:
Նրա խոսքով՝ հայերից մեկի՝ Կարեն Ղազարյանի ճակատագիրը, որն ադրբեջանական գերության մեջ է, բավականին լայն հանրային արձագանք է ստացել: «Բայց եթե ասեմ, որ այս հարցում որեւէ լուրջ լծակ ունենք, դա անկեղծ չի լինի: Այս հարցերում ավելորդ պոպուլիզմը հաճախ հանգեցնում է գործի բարդացման»,- պարզաբանեց Զոհրաբյանը՝ հավաստիացնելով, որ ինքը հարցերը լուծելու փորձ ունի՝ առանց ավելորդ իրարանցման:
Ընդ որում՝ թեկնածուն նշեց, որ անհետ կորածների հարցերով նրանք երեք թվի են տիրապետում: Այպիսով, ՊՆ տվյալներով՝ հայկական կողմից անհետ կորել է մոտ 320 մարդ:
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներկայացրել է իր զեկույցը եւ այն հիմնվում է տվյալ կառույցին ներկայացված դիմումների քանակի վրա: Նրանց տվյալներով հայկական կողմից անհետ կորածների թիվը մոտ 400 է: Իր հերթին, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը, որի հետ ես արդեն երկար ժամանակ աշխատում եմ, հայտարարում է, որ մեր կողմից անհետ կորածների թիվը հասնում է 900-ի»,- ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ կհետեւի իրավիճակի զարգացմանը՝ անկախ նրանից կդառնա Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի նախագահ, թե ոչ: