23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես իմ ելույթը չեմ կարող պայմանավորել խնամիական կապերով կամ նրանով, թե ում որդին է ԱԺ դահլիճում. Արման Բաբաջանյան

Ես այդ փաստերը բերում էի բացառապես մի նպատակով, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որպես գլխադասային, պարտադրի այսուհետ բոլոր թեկնածուներին, որոնք պատրաստվում են դեսպան նշանակվել որեւէ երկրում, նրանց պետք է անպայման հրավիրել ԱԺ այս հանձնաժողով, հարցեր ուղղել, նրանք էլ պարտավոր են ներկայացնել իրենց պատկերացումները: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին իր հնչեցրած քննադատությանը, որ թեժ վիճաբանության առիթ էր տվել հենց ԱԺ դահլիճում:

«Սա մեր խմբակցության համար չափազանց առանցքային հարց է, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ մինչեւ նշանակվելը այդ կարգը հնարավոր լինի ապահովել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իր ելույթին հաջորդած վիճաբանությանն ու լարվածությանը, Արման Բաբաջանյանն ասաց. «Չկա լարվածություն: Եթե Անդրանիկ Մանուկյանի որդին էր էստեղ նստած եւ Տողանյանի (ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան) որդին կամ Ռուբեն Սադոյանի որդին նստած չէր, այդ դեսպանները ոչ մի մեղք չունեն, ես էլ իմ ելույթը չեմ կարող կառուցել նկատի առնելով, թե ում որդին է ԱԺ դահլիճում: Ես իմ ելույթները չեմ կարող պայմանավորել ու ծրագրել ինչ-որ մեկի որդու կամ խմբակցության խնամիական հարաբերությունների եւ մնացածի առումով»,-ընդգծեց Բաբաջանյանը:

Դիտարկմանը, որ իր ելույթի ժամանակ Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը ասաց «կարճ կապի» ու շրխկացրեց դուռը, Բաբաջանյանն ասաց. «Ես չգիտեմ ինքն ինչ ասաց, ես իմ տեքստը կարդացի, իմ ելույթն ունեցա եւ դրանով ամեն ինչ ասված է»:

Հարցին, թե ինչ կարծիք ունի Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մասին որպես դեսպանի, Արման բաբաջանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նա մեր լավագույն դեսպաններից է եղել: Որպես դրա ապացույց կարող ենք բերել եւ Ցեղասպանության 100-ամյակի առթիվ Վատիկանում տեղի ունեցած հայտնի պատարագը, եւ վատիկանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում, եւ Հռոմի պապի պատմական այցը Հայաստան»:

Ինչ վերաբերում է նրա պաշտոնանկությունը, ԼՀԿ պատգամավորը նշեց. «Կարծում եմ՝ իշխանությունները որոշել են, որ նա չպետք է շարունակի պաշտոնավարումը:Հավանաբար ունեցել են հիմնավոր պատճառներ, որ չպետք է շարունակի պաշտոնավարել: Հույս ունենք, որ նոր նշանակված դեսպանը կշարունակի այդ ավանդույթը եւ Վատիկանի հետ մեր հարաբերությունները կզարգանան»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից, մասնավորապես հիշատակելով նաեւ Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի պաշտոնավարումը:

Բաբաջանյանը նշեց, որ Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել քրեական տարրերի հետ, նրա օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները: Ի պաշտպանություն Անդրանիկ Մանուկյանի ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որը 3 տարի եղել է Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը: Աբովյանը պնդեց, որ Բաբաջանյանի մեղադրանքներն ադրբեջանական քարոզչության թեզերն են:

Ի դեպ, Արման Բաբաջանյանի ելույթի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը, ով Անդրանիկ Մանուկյանի որդին է եւ Գագիկ Ծառուկյանի փեսան, տեղից բղավեց՝ «կարճ կապի» ու հեռացավ նիստերի դահլիճից՝ շրխկացնելով դուռը: Նրան հետեւցին մի քանի ԲՀԿ-ականներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ