Անխուսափելի բախում իշխանության ներսում. ինչ է կատարվում «արքունիքում». Փաստ
«Փաստ» թերթը գրում է. «Հրապարակով իշխանության եկած քաղաքական ուժը օրերից մի օր բախվելու է ներքին սահմանագծերի ճշգրտման խնդրին, խնդիր, որ օբյեկտիվորեն երկրորդ պլան էր մղվում թե՛ հեղափոխության, թե՛ դրան հաջորդած առաջին ամիսների ընթացքում:
Փողոցով իշխանության փոփոխություն նշանակում է ոչ կուսակցական, խառը ֆորմատ, տարբեր, պահի համախմբումներով, տարբեր արժեքներ ու հայացքներ կրող մարդկանց միաբանում մեկ տեղում: Եվ եթե հեղափոխության պահին այդ լայն կոնսոլիդացիան միայն նպաստում է ընդհանուր գործին, արդեն հեղափոխության հաղթանակից հետո դա դառնում է լրջագույն խնդիր:
Հատկապես, եթե հաշվի առնենք հայաստանյան կուսակցական համակարգի չկայացածությունը, որից անմասն չի մնացել նաեւ իշխանության կուսակցությունը՝ ՔՊ–ն:
Կուսակցական, հետեւաբար նաեւ քաղաքական համակարգի կայացածության պարագայում իշխանափոխությունը տեղի կունենար ընտրությունների միջոցով: Այն հանգամանքը, որ իշխանափոխությունը եղավ փողոցում, նշանակում է քաղաքական առանց այդ էլ թույլ համակարգի զրոյացում ու նոր համակարգ ստեղծելու պարտավորություն իշխանության համար:
Պարտավորություն այն իմաստով, որ նոր իշխանությունը չի կարող իշխել առանց համակարգի, թեկուզեւ՝ չգրված խաղի կանոններով համակարգի: Այդ համակարգը պիտի լինի գոնե ներքին հարաբերությունները կարգավորելու համար:
Արդեն նկատելի է, թե ինչպես են իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս կամ այն առիթով քննադատում միմյանց, ու դա անում են հրապարակավ: Լավատեսները դա կարող են ներկայացնել որպես ներկուսակցական դեմոկրատիայի դրսեւորում:
Իրականում, սակայն, գործ ունենք հանգամանքների բերումով մեկ տեղում հայտնված, բայց հակադիր շահեր, հայացքներ ու արժեքներ ներկայացնող մարդկանց միջեւ անթաքույց տարաձայնությունների հետ: Լա՞վ է սա, թե՞ վատ, դժվար է ասել: Բայց տեղի ունեցողն առնվազն անխուսափելի է, օբյեկտիվորեն սա պետք է լիներ իշխանափոխության ընտրված ձեւի հետեւանքը, անկախ այն հանգամանքից՝ գիտակցվում էր դա, թե ոչ:
Միաժամանակ ինչքան էլ բարձր լինի Փաշինյանի հեղինակությունը, նա կարիք ունի թիմի, արքունիքի: Միանձնյա ղեկավարել երկիրը նա չի կարող օրինաչափորեն, եթե նույնիսկ տեսականորեն Հայաստանը անցնի կառավարման բռնապետական կամ միանձնյա մոդելի:
Նախ՝ այդ մոդելին անցնելու ռեսուրս Հայաստանում չկա, երկրորդ՝ նույնիսկ այդ մոդելում կարիք կա թիմի: Որեւէ միանձնյա համակարգ չի կարող կենսունակ լինել առանց թիմի, կադրերի, արքունիքի:
Պայմանական արքունիքի ներսում, սակայն, կան տարատեսակ խմբավորումներ:
Ընդ որում, այս դեպքում իշխանություն, թիմ, արքունիք ասելով՝ նկատի ունենք ոչ միայն գործադիրում կամ օրենսդիրում իշխանությունը ներկայացնողներին, այլեւ այն մարդկանց, ովքեր ակտիվորեն մասնակցել են հեղափոխությանը, ունեցել են շատ կոնկրետ ներդրում դրա հաջողության գործում:
Կա արդյո՞ք հստակ տեսլական, թե ինչպիսին պետք է լինի թիմը, թե՞ թիմի ձեւավորումն արվելու է հընթացս ու ինքնահոս: Դժվար է ասել: Բայց թիմի պատասխանատվությունը ընկնելու է նախ Փաշինյանի վրա:
Պատահական չէ, որ մանդատների ստացման նույն օրվա ավարտին Փաշինյանը փակ նիստի է հրավիրում խմբակցությանը: Այնուհետ էլ հայտնի է դառնում, որ նրա նախաձեռնությամբ կազմակերպվելու է խաշկերույթ՝ ԱԺ խմբակցության անդամների ներգրավմամբ՝ վերջիններիս միմյանց հետ մերձեցնելու համար:
Վերջին օրերին տարատեսակ, թեկուզեւ կենցաղային թեմաներով աչքի ընկնող տարաձայնությունները միայն սկիզբն են: Դրանց մի մասը հրապարակավ կքննարկվի, մի ահռելի մասն էլ կմնա կուլիսներում, բայց անկախ դրսեւորման ձեւից, այդ տարաձայնությունները դեռ լինելու են ու շատ:
Հարցն այն է, թե ինչ կշահի դրանից իշխանությունը, ու ամենակարեւորը՝ ինչ կշահի դրանից պետությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: