Արսեն Բաբայանը ազատման դիմում է ներկայացրել
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
ահա և ավարտին մոտեցավ իմ աշխատանքային կյանքում ևս մեկ կարևոր շրջան։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին ներկայացրել եմ զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու դիմում։
Հավաստիացնում եմ, որ այդ քայլին դիմել եմ մեծ հպարտությամբ և ուրախությամբ։ Պարոն Բաբլոյանի ղեկավարությամբ աշխատածս ժամանակաշրջանն իր խոր հետքն է թողել, իսկ այդ ընթացքում ստացածս գիտելիքներն ու փորձը մշտապես լինելու են ամենամեծ հարստություններիցս։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին, ով ինձ հնարավորություն տվեց իրացնելու մասնագիտական հմտություններս ու գիտելիքսներս:
Հայաստանի Հանրապետությանն արդեն շուրջ 13 տարի փորձել եմ ծառայել անմնացորդ։ Պետական պաշտոններ զբաղեցնելիս ինձ համար մշտապես գլխավորը եղել է պատասխանատվությունն ու արդարամտությունը։ Ամենադժվար որոշումներն ընդունելիս անգամ փորձել եմ չդավաճանել այս երկու` ինձ համար ամենագլխավոր սկզբունքներին:
Պետական ծառայության ողջ ընթացքում ինձ մշտապես զգացել եմ ամուր, պահպանել եմ սկզբունքներս ամբողջությամբ, քանի որ երբեք չեմ մտահոգվել պաշտոնս թողնելու հեռանկարից։ Պաշտոնն ինձ համար մշտապես եղել է պարտականություն և զսպաշապիկ։
Պետական-ծառայողական ուղին սկսել եմ կրտսեր մասնագետից ու մինչև բարձրագույն խմբի ծառայող և բարձրաստիճան պաշտոնյա՝ անցել եմ քայլ առ քայլ՝ բաց չթողնելով որևէ հաջորդ մակարդակ (կրտսեր մասնագետ, առաջատար մասնագետ, ավագ մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժանմունքի պետ, բաժնի պետ, ծառայության պետ, վարչության պետ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ), անցել եմ առանց թռիչքների։ Այդ ընթացքում աշխատել եմ հարյուրավոր մարդկանց հետ, ձեռք եմ բերել հրաշալի ընկերներ։ Իհարկե, ունեցել եմ նաև հիասթափություններ։
Այսպիսով, ազատելով իմ կողմից զբաղեցրած ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ համոզված եմ, որ կրկին հավատարիմ եմ մնում սկզբունքներիս, չեմ կաշկանդում ԱԺ նոր ղեկավարությանն առավել հանգիստ և ազատ ընտրել իր կադրերին։
Վստահ լինելով, որ Ազգային ժողովի աշխատակազմը մեր պետության կարևորագույն պետական մարմիններից մեկն է` նոր ղեկավարությանը մաղթում եմ նոր ձեռքբերումներ և մեծ նվաճումներ հանուն Հայաստանի Հանրապետության։
Կհանդիպենք…»։