Եթե երիտասարդները, որոնք հավատացին Փաշինյանին և վերափոխման հնարավորությանը, հիասթափություն ապրեն, դա սարսափելի հետևանքներ կունենա ՀՀ-ի համար. Ռուբեն Վարդանյան
Նախորդ շաբաթ սոցիալական ներդրող, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը UWC Dilijan քոլեջում հանդիպել էր «ՆերՈՒԺ» ծրագրի մասնակիցների հետ: Նրանցից մեկը Վարդանյանին խնդրել էր մեկնաբանել վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ «բոլորս պետք է օգնենք Փաշինյանին, որովհետև եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար»:
Mediamax.am-ն այս հարցի շուրջ զրուցել է Ռուբեն Վարդանյանի հետ: Ներկայացնում ենք Ռուբեն Վարդանյանի պատասխանը:
«Մեր բոլոր նախագծերը պլանավորվում են 20-25 տարվա հորիզոնով։ Խորին հարգանք ունենալով երկիրը ղեկավարող մարդկանց հանդեպ՝ մեր նախագծերի տեսլականն ավելի երկար ժամանակահատված է ենթադրում։
Ինձ և սփյուռքի այլ ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում նախագծեր են իրականացնում, այստեղ ընկալում են որպես օտարերկրացիներ: Մենք տեղացիներ չենք և հարգում ենք կառավարությունը և քաղաքացիների կողմից ընտրված առաջնորդներին։ Էթիկապես ճիշտ չէր լինի երկրում իրականացնել զարգացման ծրագրեր, որոնք չեն լեգիտիմացվել։
Նուբար Աֆեյանի և մյուս գործընկերների հետ մենք Հայաստանում գրեթե 20 տարի իրականացնում ենք «խարսխային» ծրագրեր։ 2008 թվականին մենք անկեղծ զրույց ունեցանք Հայաստանի նախորդ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Մենք նրան ասացինք, որ շարունակելու ենք իրականացնել մեր ծրագրերը, որ մեր շահառուները մարդիկ են, այլ ոչ թե պետությունը, իսկ մեր ծրագրերի պլանավորման հորիզոնը նվազագույնը ներառում մեր երեխաներին ու թոռներին, որոնք նոր են սկսում իրենց կյանքի ճանապարհը:
Երբ սփյուռքի հայերը գալիս են Հայաստան՝ ծրագրեր իրագործելու համար, նրանք հաճախ որոշակի խրախուսություն են ակնկալում:
Մենք նման ակնկալիքներ չունենք, և ասացինք Սերժ Սարգսյանին. եթե ցանկանում եք օգնել մեզ, մենք շնորհակալ կլինենք։ Եթե չեզոք դիրք բռնեք, դա Ձեր որոշումն է։ Եթե բացասական վերաբերմունք ունենաք, դե ինչ, դա ևս Ձեր որոշումը կլինի»,-ասել է նա։
Ի դեպ, Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ վերջերս հարկային մարմինները ստուգել են իրենց բարեգործական գործունեության վերջին 11 տարիները։
«Ի դեպ, տեղեկացնեմ ձեզ, որ վերջերս հարկային մարմինները ստուգել են մեր բարեգործական գործունեության վերջին 11 տարիները։ Վստահ չեմ՝ որքանով էր դա օրինական, այնուամենայնիվ, դա իրականացվեց, և մենք ուրախությամբ տրամադրեցինք բոլոր տեղեկությունները Դիլիջանի UWC դպրոցի, Տաթևի ծրագրի և Հայաստանում մեր հիմնադրամի կողմից իրականացվող բոլոր նախագծերի վերաբերյալ: Սակայն կարևոր է գիտակցել, որ դա իմ անձնական նախաձեռնությունն էր, և չեմ կարծում, որ սա դրական նշան է բարեգործական գործունեություն իրականացնողների համար»։
Ինչ վերաբերում է թավշյա հեղափոխությանը և վերջերս կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա Ռուբեն Վարդանյանը նշել է. «Ես ուրախ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը դրական լիցքերով խաղաղ բողոքի օրինակ էր, և այսօր երկիրն ունի առաջնորդ, որը ստացել է ձայների 70%-ը և վայելում է Հայաստանի բնակչության մեծամասնության աջակցությունը։ Բայց հատկապես կարևորն այն է, որ դա իրական մարդկանց իրական աջակցություն է։ Այդուհանդերձ, այս աջակցությունն ուղեկցվում է մեծ սպասումներով՝ մարդիկ հույս ունեն, որ փոփոխություններն իսկապես տեղի կունենան։ Եվ եթե երիտասարդները, որոնք հավատացին իրենց առաջնորդին և վերափոխման հնարավորությանը, հիասթափություն ապրեն, դա սարսափելի հետևանքներ կունենա Հայաստանի համար։
Ուստի ես կարծում եմ, որ եթե մենք ուզում ենք, որ Հայաստանը բարգավաճի, մենք պետք է օգնենք վարչապետ Փաշինյանին և նրա կառավարությանը։ Շատ կարևոր է հասնել խորքային, այլ ոչ թե մակերեսային փոփոխությունների։
Ուստի, երբ մարդիկ հարցնում են ինձ՝ ես Փաշինյանի կողմի՞ց եմ, թե՞ նրա դեմ, ես ասում եմ, որ հարցն ինքնին կոռեկտ չէ։ Նա լեգիտիմ ընտրված վարչապետ է, որը ղեկավարում է երկիրը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: