Նոր Հայաստանի պերճանքն ու թշվառությունը
Շուրջ 200 ընտանիք կերակրողին կորցնելու վտանգի առաջ են կանգնել: Նրանց օպտիմալացումն է սպառնում: Խոսքը մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցների մասին է: Նախօրեին նրանք գործադուլ հայտարարեցին ու բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց:
Բանն այն է, որ կառավարությունը նրանց տարեվերջյան «անակնկալ» է մատուցել: Հունվարի 1-ից մշակույթի նախարարության մի մասը կկցվի կրթության և գիտության նախարարությանը, մյուսը՝ քաղաքաշինության կոմիտեին, իսկ Սփյուռքի նախարարությունն առհասարակ կլուծարվի:
Կառավարությունն այս որոշումը հիմնավորում է պետական ապարատի օպտիմալացմամբ: Նախարարությունների թվի կրճատման հարցը, թերեւս, մասնագետների քննարկման հարթությունում է: Մի կողմ ենքւմ նաեւ այսպես ասած, օպտիմալացվող նախարարությունների ընտրությունը, այն, որ անմշակույթ երկիրը մեղմ ասած պայծառ ապագա չի կարող ունենալ, այն որ «մշակույթն իր մեջ կրող» անփորձ եւ իրականում մշակույթի հետ որեւէ առնչություն չունեցող երիտասարդ աղջկան ոլորտը վստահելը կամ դեռահասության տարիքը նոր հատած պատանուն մի ամփողջ Սփյուռի հետ հարաբերությունների պատասխանատու նշանակելը, թերեւս ոլորտների նկատմամաբ նոր իշխանությունների վերաբերմունքի մասին է խոսում:
Այս հարցերն անշուշտ կարեւոր են, բայց մարդկանց ուղղակի մեկ ստորագրությամբ գործազուրկ դարձնելը, այն էլ՝ Նոր Տարվա շեմին, ձմռանը, առանց այլընտրանք առաջարկելու /գոնե սփյուռքի նածարարության աշխատակիցներին/ , մեղմ ասած աղետալի նորություն է այս գերատեսչությունների աշխատակիցների համար: Այո, գուցե նրանց մի մասն ավելի շատ պարապ էր, քան գործ էր անում, սա չենք բացառում, բայց այս խնդիրը կարելի էր գոնե քննարկել, գոնե փորձել աշխատանքի արդյունավետության բարձրացման այլ մեխանիզմ գտնել:
Իհարկե, կառավարությունն այս քայլին գնալով, գուցե նաեւ պետբյուջեի միջոցներն է ցանկանում խնայել: Խնայողությունն անշուշտ, լավ հատկանիշ է, սակայն խնայել՝ գործազրկության ավելացման գնով, մտածելու հարց է:
Գուցե արժեր խնայել, ասենք Ամանաորի թանկարժեք տոնածառի հաշվի՞ ն կամ ասենք, Պետական վերահսկողական ծառայության գնած կոնյակների՞ : Ըստ պաշտոնական փաստաթղթերի, Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցը 19 200 դրամով գնել է «Վան արդի» անապակ 6 հատ գինի, 34 400 դրամով 7 տարեկան 0.5 լիտրանոց 4 հատ կոնյակ՝ «Ընտրանի», 37 200 դրամով 12 հատ քաղցրավենիք՝ «Ֆերերո Ռոշեր», 28 260 դրամով «Անի» կոնյակ՝ դարձյալ 4 հատ։ Գնել են նաև կապուչինո, թեյեր, հանքային ջուր և այլն։ Ընդհանուր առմամբ ներկայացուցչական ծախսերի համար 2 133 150 դրամ են ծախսել:
Կամ էլ՝ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանի համար թանկարժեք, 2018 թվականի արտադրության 181 ձիաուժ հզորությամբ ու 13.4 մլն դրամանոց «Toyota Camary» -ն չարժեր գնել, գուցե կոմիտեի երիտասարդ պետը Շկոդայո՞վ բավարարվեր…