27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր կառավարության համար ծանր է լինելու, մանեւրելու տեղ այլեւս չունի. Հայոց աշխարհ

Երկրում կուտակված սոցիալական խնդիրների լուծումը անհնարին է պատկերացնել առանց տնտեսության զարգացման եւ տնտեսական աճի ապահովման։ Դրա համար, ցավոք, այս պահին Հայաստանում չկան բավարար հիմքեր։   

Այդ է վկայում նաեւ հաջորդ եւ հետագա տարիների համար ակնկալվող չափավոր տնտեսական աճը, որի պայմաններում անիմաստ է սոցիալական վիճակի բարելավման հետ կապված լուրջ սպասելիքներ ունենալ։   

Որքան էլ խոսվում է տնտեսության մեջ թռիչքաձեւ զարգացումների հասնելու մասին, այնուհանդերձ գործնականում դրա իրականացման ուղիները տեսանելի չեն։ Ի՞նչ թռիչքաձեւ աճի մասին կարող է խոսք լինել, երբ որեւէ ոլորտում չկա հայեցակարգային մոտեցում։ Իշխանափոխությունից հետո Հայաստանում ձեւավորված հեղափոխական կառավարությունը խոստումներից բացի չկարողացավ հիմքեր ստեղծել ինչպես տնտեսության, այնպես էլ հասարակության սոցիալական խնդիրների լուծման համար։ Ընդհակառակը, դրանք ավելի խորացան։   

Նախորդ յոթ-ութ ամիսները տնտեսության համար անկասկած կորսված շրջան էր։ Այն, ինչ արվեց, ուղղակի անթույլատրելի էր։ Քաղաքական նպատակներով երբեք չի կարելի տնտեսությունը կանգնեցնել փաստի առաջ։ Պատահական չէ, որ արդեն իսկ վայելում ենք դրա հետեւանքները։ Ընդ որում՝ սա դեռ սկիզբն է։ Այս ընթացքում տնտեսության մեջ առաջացած անջրպետը դեռ երկար զգացնել կտա։ Տնտեսությունը չի կարող կանգառներով զարգանալ։   

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների շնորհիվ իշխանության ղեկավարումը ստանձնած քաղաքական ուժի նախընտրական ծրագրում դեկլարատիվ հայտարարություններից բացի որեւէ կոնկրետություն չկա։ Այս պայմաններում դժվար է ասել, թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ։   

Ամեն դեպքում, հասարակության սպասումները կառավարությունից չափազանց մեծ են։ Ու հիմա այլեւս անհնարին է լինելու մեղավորներ փնտրել։ Կառավարության նոր կաբինետին ծանր փորձություն է սպասում։ Այն մանեւրելու տեղ այլեւս չունի։ Ինչպես իշխանափոխությունից անմիջապես հետո, այնպես էլ այժմ հասարակությունն ակնկալում է կյանքի որակի բարձրացում, որի նշանները, սակայն, ոչ մի կերպ չեն երեւում։   

Երկրում սոցիալական վիճակի բարելավման համար անհրաժեշտ է առաջին հերթին լուծել հասարակության վճարունակության խնդիրը։ Դա անշուշտ կարող է լինել աշխատավարձերի, կենսաթոշակների, սոցիալական այլ վճարների ավելացման, եւ որ կարեւորն է, նոր աշխատատեղերի ստեղծման հաշվին։   

Այլեւս պարզ է, որ բացի նվազագույն շեմից, որ առնչվում է մի քանի հազար քաղաքացիների, հաջորդ տարի կենսաթոշակների բարձրացում չի սպասվում։ Իսկ թե 25,5 հազար դրամը որքանով կարող է բավարարել մարդու մեկ ամսվա անգամ նվազագույն պահանջները՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ տեղաշարժերի պայմաններում, դժվար չէ պատկերացնել։   

Եկամտային հարկի նվազեցման հաշվին, որ նախատեսվում է առաջիկայում, անշուշտ կավելանա բարձր վարձատրվող աշխատողների եկամուտը։ Խոսքը 150 հազար դրամից ավել ստացողների մասին է։   

Հակառակ դրան, մյուսները, ովքեր աշխատողների գերակշիռ մասն են, կտուժեն։ Նրանց եկամուտները ոչ միայն չեն ավելանա, այլեւ կպակասեն։ Եկամտային հարկի նվազեցումով կվերականգնվի կուտակային կենսաթոշակային համակարգի վճարումների նախկին հարաբերակցությունը։ 2,5 տոկոսի փոխարեն աշխատող քաղաքացիները կենսաթոշակային ֆոնդերին դարձյալ կվճարեն աշխատավարձի 5 տոկոսը։ Այլ կերպ ասած, նրանց եկամուտները կնվազեն 2,5 տոկոսով։   

Ահա սա է այն մոտեցումը, որ դրված է եկամտային հարկի մասին օրենքի առաջարկվող փոփոխությունների հիմքում։ Որքանո՞վ է այն սոցիալական եւ որքանո՞վ կնպաստի երկրում սոցիալական վիճակի բարելավմանը, այլ հարց է։ Բայց քաղաքական իշխանությունը հակված է ընթանալ այդ ուղիով։ Ոչինչ, որ այն կհանգեցնի հասարակության բեւեռացման խորացմանը։   

Թե այս տարբերակը երբվանից կկիրառվի, հայտնի չէ։ Մի բան անկասկած է, որ դա չի լինելու հաջորդ տարեսկզբից։ Հարկային օրենսգրքի, այդ թվում՝ եկամտային հարկի փոփոխությունները դեռ չեն հասել Ազգային ժողով։ Թեեւ արդեն հայտարարվել է, որ այն լինելու է նոր ձեւավորված խորհրդարանի կողմից քննարկվող առաջին օրինագիծը։   

Ենթադրվում է, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունները գործողության մեջ կմտնեն հաջորդ տարվա երկրորդ կեսից։ Թեպետ արդեն իսկ այլեւս պարզ է, որ դա ամենեւին էլ սոցիալական խնդիրների լուծման լավագույն տարբերակը չէ։ Ամեն դեպքում Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված քաղաքական իշխանության ակնկալիքները չափազանց շատ են։ Դրա հետ է կապվում նաեւ զբաղվածության խնդրի լուծումը։ Միկրոբիզնեսի համար չհարկվող շեմը բարձրացնելով՝ կառավարությունը հույս ունի խթանել ինքնազբաղվածությունը։  

Որքանով է արդարացված նման լավատեսությունը՝ ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, դատելով նախորդ փորձից՝ սպասելիքները չափազանցված են։ Միկրոբիզնեսը ըստ էության չի հարկվում նաեւ այժմ։ Շեմի որոշ բարձրացումը հազիվ թե կարող է այստեղ էական խթան ստեղծել։   

Ի դեպ, Հայաստանում ձեւավորված նոր քաղաքական իշխանությունն այլ մոտեցում ունի հասարակությանն աշխատանքով ապահովելու վերաբերյալ։ Կառավարությունը համարում է, որ այստեղ գրեթե անելիք չունի։ Քաղաքացիներն իրենք պետք է մտածեն իրենց եւ ուրիշների համար աշխատատեղեր ստեղծելու մասին։ Թե ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով, հայտնի չէ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ