Դատարանը քննում է Արմեն Գեւորգյանին կալանավորելու հարցը
Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում ընթանում է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանին օժանդակելու, արտակարգ դրության հրամանագիրը պատրաստելու և ՍԴ դատավորին զանգահարելու համար։ Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը, տեղեկացնում է 168.am-ը։
Հիշեցնենք, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ օգոստոսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին:
«Նույն օրը Արմեն Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը:
Մասնավորապես, 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:
Նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:
Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասված էր ՀՔԾ հաղորդագրության մեջ։
Նկատենք, որ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը հերքել է Հատուկ Քննչական ծառայության պետի հայտարարությունը, թե ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևրորգյանն իր եղբոր միջոցով ճնշում է գործադրել իր վրա։ «Նման բան չկա, դա նրանց (քննչական մարմնի) եզրակացությունն է»: «Ես ցուցմունք չեմ տվել, որ իմ կամ իմ եղբոր նկատմամբ ճնշում է գործադրվել», – ասել է Պողոսյանը։
ՀՔԾ հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ Վալերի Պողոսյանի նկատմամբ Արմեն Գևորգյանը ճնշում գործադրել է նախագահի աշխատակազմում աշխատող նրա եղբոր միջոցով։ Հարցին, թե իր եղբայրը երբևէ նման միջնորդությամբ դիմե՞լ է իրեն, Պողոսյանը պատասխանել է. «Ոչ, նման բան երբեք չի եղել»։
Պողոսյանը նաև հավելել է. «Էդ քննչական վարչությունը, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածե՞լ է, թե՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե՝ մարդ»: