Մարտի 1-ի գործով ինձ վրա արյան մեղադրանք չի եղել. Նիկոլ Փաշինյան
Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա Մարտի 1-ի գործով արյան մեղադրանք չի եղել, այսօր քվեարկությունից հետո լրագրողերի հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն իրեն է մեղադրում «որպես Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչ»։
«Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա արյան մեղադրանք չի եղել և դուք, ինչպես գիտեք, ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը և, կարծում եմ, այդ որոշումներն արդեն իրենց մասին խոսում են և ցույց են տալիս, որ 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձությունների՝ նախորդ իշխանությունների վարկածը, սկզբից մինչև վերջ շինծու է», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Ես համոզված եմ, որ իրական պատկերն, ըստ էության, բացահայտված է։ Մանրամասներն ու պատասխանատուները կբացահայտվեն։ Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով ներքաղաքական պրոցեսների մեջ», – ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։