23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին չի գոհացրել կառավարության որոշումը

ՀՀ կառավարությունը ղեկի աջ տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները թույլատրեց մինչև 2019թ. մարտի 1-ը ներմուծել, 6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել, մաքսազերծել, հաշվառել ու շահագործել:

«Որոշման նախագծով սահմանվում է ՀՀ մաքսային տարածքում տեղակայված, ինչպես նաև մինչև 2019 թ. մարտի 1-ը ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները ՀՀ տարածք ներմուծել՝ վերամշակում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով: Նշված ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող տրանսպորտային միջոցները ներմուծել ՀՀ տարածք, մինչև 6 ամսվա ընթացքում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև մաքսազերծելուց հետո հաշվառել ՀՀ ոստիկանությունում ու ազատ շահագործել ՀՀ տարածքում»:

Այս որոշումը չի գոհացրել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին, ովքեր դեկտեմբերի 7-ին գնացել ու հանդիպել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարներ Արմեն Փամբուխչյանի և Բագրատ Բադալյանի հետ:

«Երեկ մենք երբ նայեցինք կառավարության նիստը, տեսանք ու լսեցինք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին զեկուցում է, որ «Ղեկը աջ» նախաձեռնության հետ որոշումը քննարկվել է, համաձայնության են եկել: Մենք դեկտեմբերի 6-ին դիմեցինք Կառավարությանը՝ հերքելով այն տեղեկությունը, թե մեզ հետ համաձայնության են եկել:

Դեկտեմբերի 7-ի հանդիպման ժամանակ մենք Բագրատ Բադալյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչո՞ւ է նման ինֆորմացիա տարածել մեր անունից: Նա պատասխանեց, որ եղել են մարդիկ, ովքեր զանգահարելով, տեսնելով իրեն՝ ասել են, որ ցանկանում են բերել մեքենաները Հայաստան, ղեկը փոխել: Մեր հարցին՝ վստա՞հ են, որ այն մարդիկ, ովքեր իրենց դիմել են՝ «Ղեկը աջ» նախաձեռնությունից են, պատասխանեց, որ ոչ: Հանդիպման ժամանակ քննարկում եղավ, ասացինք, որ իրենց ներկայացրած նախագիծը մեզ չի գոհացնում, որովհետև անվտանգության խնդիրներ կան, մարդիկ չէին նախատեսել, որ ավելորդ գումար պետք է ծախսեն ու ղեկը տեղափոխեն, շատերը չեն ցանկանում իրենց մեքենաների գործարանային կառուցվածքը խախտել, և այլն: Իրենք էլ պատասխանեցին, որ չեն կարող օրենքը խախտել:

Բանավիճում էինք, որի ընթացքում Արմեն Փամբուխչյանը զանգահարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին, ով հայտնեց, որ մեզ հետ դեռ քննարկումներ են լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը:

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամը պնդում է՝ Հայաստանում այնքան մասնագետ չկա, որ հասցնեն մոտ 1600 մեքենայի ղեկը փոխել, շատերն էլ անգամ փոխելու ցանկություն չունեն:

«Մինչ օրս Նորագավիթի մաքսատան սպասարկման սրահի պատին փակցված է մի փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ աջ ղեկով մեքենաների ներմուծման արժեքը ժամանակավոր է՝ ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը»,- նկատեց նախաձեռնության անդամը:

Դավիթ Գասպարյանը տեղեկացրեց նաև, որ հայ-վրացական սահմանի մոտ շարունակում են մեքենաները կուտակվել, թիվը մոտավորապես 450 է:

Մեր դիտարկմանը՝ այսինքն, այդ 450 մեքենաների սեփականատերերն էլ հրաժարվում են ղեկը փոխել, Դավիթ Գասպարյանը պատասխանեց.

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բոլորը դեմ են, իսկ թե կան մարդիկ, ովքեր սահմանում ունեն մեքենա և կողմ են ղեկը ՀՀ-ում փոխելու որոշմանը, տեղյակ չեմ»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում աջ ղեկով մեքենաների ներմուծմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ բողոքում են՝ պնդելով, որ այս տարվա ապրիլի 1-ից այդ մեքենաների ներկրումն արգելող օրենքի նախագծի քննարկումների փուլում իրենց ասվել է, որ արգելքը ժամանակավոր է՝ մինչև հոկտեմբերի 1-ը:

Այդ մասին իմանալով՝ իրենք փորձել են մեքենաներ ներկրել և ներմուծել հոկտեմբերից, սակայն պարզվել է, որ ընդունված օրենքում արգելքը ոչ թե ժամանակավոր բնույթ է կրում, այլ՝ մշտական:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ