Կարող էի ոմանց պես խուսափել ծառայությունից ու հետագայում մատ թափ տալ չծառայածների վրա. Լևոն Քոչարյան/տեսաշար/
Լևոն Քոչարյանը՝ ՀՀ երկրորդ նախագահի որդին ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Քոչարյանի որդիները ոչ մի օր չեն ծառայել սահմանին՝ մասնավորապես նկատելով.
«Այսօր լսեցի ինձ վերաբերող հերթական սուտը: Չեմ զարմանում, քանի որ շարունակվում է նույնը ինչը տարիներ շարունակ արվել է հայտնի օրաթերթի միջոցով: Օրինակները շատ են:
Մանկությունս անց եմ կացրել Ստեփանակերտում` ռմբակոծության տակ, նկուղներում, ինչպես և բոլորը, ովքեր չեն լքել Արցախը այդ տարիներին:
Անկասկած, պատերազմի տարիները Արցախում անցկացրած հասակակիցներս կհամաձայնեն ինձ հետ, որ բոլորս երազում էինք մի օր կրել զինվորական համազգեստ և մասնակցել մարտերին:
Հիշում եմ, թե ինչպիսի ամոթանքների էին արժանանում այն չափահաս տղաները, ովքեր խուսափում էին մարտի գնալուց:
Կարծում եմ ոչ մեկ չի կասկածում, որ լինելով նախագահի որդի կարող էի շարունակել ուսումս մագիստրատուրայում, այնուհետև ասպիրանտուրայում և ոմանց պես օգտվելով օրենքից խուսափել ծառայությունից ու հետագայում մատ թափ տալ չծառայածների վրա:
Այդուհանդերձ որոշեցի անցնել ծառայության: Ազգային անվտանգության հատուկ նշանակության ջոկատում անցել եմ նախատեսված մարտական պատրաստվածության ծրագիրը: Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում` Փամբակի լեռներում: Չեմ թաքցնում, որ եղել է հատուկ ուշադրություն սպայական կազմի կողմից, որը ամենայն անկեղծությամբ հաճելի չէր:
Մինչ այժմ ունեմ ջերմ կապեր ծառայակից ընկերների հետ:
Ինչպես ծառայությունից առաջ այնպես էլ հետո և մինչև հիմա զբաղվում եմ սպորտով, սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմամբ: Կարծում եմ երիտասարդների բարձր ֆիզիկական պատրաստվածությունը բանակի մարտունակության կարևորագույն բաղադրիչներից է:
Միշտ հպարտ եմ զգացել ինձ հորս անցած ճանապարհի, պատերազմին մասնակցելու և առանցքային դերակատարություն ունենալու համար և ինքս էլ պատրաստ եմ ծառայել հայրենիքիս:
Խոնարհվում եմ բոլոր նրանց առջև ովքեր իրենց կյանքը զոհաբերել կամ վտանգի տակ են դրել հայրենիքի պաշտպանության համար:
Խաղաղ ծառայություն եմ մաղթում բոլորին»: