«Սասնա ծռերը» ուրանո՞ւմ են Գագիկ Ծառուկյանի միլիոնները
Հայաստանի քաղաքական դաշտում անցյալից դեռ մնացուկներ կան, և մենք չպետք է թույլ տանք, որ դրանք անցնեն խորհրդարան, այսօր Թալինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը։
«Բոլոր այն ուժերը, որոնք մասնակցել են մեր ժողովրդին կեղեքելուն, մեր պետությունը քայքայելուն, մեր քաղաքացուն նվաստացնելուն, այդ ուժերը իրավունք չունեն լինելու մեր խորհրդարանում», – հայտարարեց Ավետիսյանը։
Նա տեղեկացրեց, որ «Սասնա ծռերը» չեն գալու, որ մրցակցեն հեղափոխության մասնակից մյուս ուժերի, մասնավորապես Փաշինյանի գլխավորած դաշինքի հետ։ «Մեր նպատակն է այս փուլում, որ հեղափոխական ուժերը միասին, ձեռք ձեռքի անցնեն խորհրդարան և կարողանան շարունակել մեր պետության շինարարությունը։ Այդ պատճառով մեր առաքելությունը համարում ենք հեղափոխության ուժին աջակցելը և մյուս կողմից՝ հներին թույլ չտալ սողոսկել խորհրդարան», – հայտարարեց Ավետիսյանը։
Որպես հին ուժեր ու «անցյալի մնացուկներ»՝ Ավետիսյանը մատնանշեց՝ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցություններին, ինչպես նաև Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության հայաստանյան թևը։
«Ինչքան այդ մնացուկները քիչ լինեն կամ ընդհանրապես չլինեն, այնքան լավ մեր երկրի համար։ Պետք է հասկանանք, որ մարտի 1-ի կոալիցիան ապագա չունի, իրավունք չունի հանդես գալ մեր ազգի անունից։ Պետք է նկատի ունենանք՝ Հանրապետականը, Բարգավաճը, ՕԵԿ-ը, Դաշնակցության հայաստանյան ղեկավարությունը, ոչ շարքային դաշնակցականները, ոչ էլ արտերկրում բնակվող մեր քույրերն ու եղբայրները, այլ կոնկրետ Դաշնակցության հայաստանյան ղեկավարությունը։ Նրանք ու մյուս իմ նշած կուսակցությունների ղեկավարների հետ պետք է հայտնվեն հայկական Նյուրնբերգի նստարանին, անցնեն այդ քավարանով ու պատասխան տան իրենց գործած հանցանքների համար», – հայտարարեց Ավետիսյանը։
Հայտնի է, որ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով անցնում են «Սասնա ծռեր» կուսակցության հիմնական մասը և մասնավորապես, Վարուժան Ավետիսյանը։ Նրանց կալանքից ազատելու գործին, հիշեցնենք, ակտիվ ներգրավված էր հենց Գագիկ Ծառուկյանին առնչվող «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը. Որպես գրավ այս հիմնադրամից «ծռերի» ազատման համար հատկացվել էր 5 մլն դրամ։