23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում էի. առաջին հարկից մինչև վերին հարկեր դժգոհություն ու տարակուսանք էր. Ստյոպա Սաֆարյան

Այսօր մի քանի պրոֆիլակտիկ ստուգումների նպատակով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցին կից պոլիկլինիկայում էի։ Առաջին հարկից մինչև վերին հարկեր դժգոհություն ու տարակուսանք էր, ու որոշեցի գրել սրա մասին, որ առողջապահության նախարարը իմանա: Դժգոհություն է իր նշանակած կադրերից՝ ղեկավարությունից, որոնք աշխատակիցների պնդմամբ, հաղորդակցման տարրական կուլտուրա չունեն, բուժանձնակազմի հետ խոսում են քիթները ցից, արհամարհանքով, վիրավորելով, ասես վերին արտի ցորեն: Հիասթափություն հայտնեցին, որ ամիսներ առաջ ոգևորված էին հեղափոխությամբ, նախկին բարքերից էլ գոհ չէին, բայց այժմ հիասթափված են նոր բարքերից, անորոշության մեջ: Անուններ չեմ տա, չգիտեմ էլ, թե ում մասին է խոսքը, բայց նշանակումների համար խոսում են մեժդուսաբոյչիկների մասին՝ ընկեր, ընկերոջ կին և այլն։

Բոլորը համատարած տարակուսած են նորանշանակ մենեջերներից, որոնք առանց բժշկական խալաթների շրջում են, վերահսկում են, թե ինչը՝ իրենք էլ չգիտեն: Բժիշկների սենյակների դեմը նախկինից բեթար հերթեր են գոյանում, որովհետև, ինչպես բժիշկներն են ասում, իրենց ստիպում են վերին աստիճանի բյուրոկրատականության, որի արդյունքում չեն էլ կարող ընդունել հիվանդներին ու ճանապարհել, թղթեր են լրացնում:

Նորանշանակներն այնպիսի հանձնարարություններ են տվել փաստաթղթեր լրացնելիս (ասենք՝ ինչը և որ թղթի վրա գրել չակերտների մեջ և որ թղթի վրա չգրել չակերտների մեջ)։ Մարդկանց արժանապատվությունը վիրավորված է: Անգամ մանր ու խայտառակ բաներ կան, ասենք՝ պոլիկլինիկայի նորանշանակ ղեկավարը վերցրել է նույն հարկի զուգարաններից մեկի բանալին, որ միայն ինքն ու ավագ քույրը գնան: Նախկինում դրանից օգտվում էին թե՛ բժիշկները, թե՛ անգամ այցելուները, եթե այդպիսի անհրաժեշտություն էր լինում: Մի փոքր բացթողում փաստաթղթերում՝ մեկ բառ կամ չգիտեմ ինչ, զեկուցագրեր։ Ուղեգիր լրացնելն արդեն դրամա է։ Եթե անգամ բժիշկն անգիր գիտի իր տարիների հիվանդին, որ կարգ ունի, որ լուրջ հիվանդություններ ունի, ու նա պետք է այդ ստուգումն անցնի պետպատվերով, պետք է դիմի վերադասներին, ծավալուն հիմնավորի։ Բժիշկների աշխատավարձերը նույնն են մնացել, իսկ այ նորանշանակների դեպքում խոսում են պատկառելի տարբերությունից։

Մի խոսքով՝ իսկապես սպասարկման որակն ավելի էր վատացել, ու դա ես կասեմ իմ օրինակով։ 3 ժամ հերթերի մեջ եմ եղել, որովհետև բժիշկները հիվանդին թողած թուղթ են լրացնում։ Սիրելի նորեկներ, հասկանում ենք, որ ուզում եք ինչ-որ դրվածք դնել, բայց մի վիրավորեք բուժանձնակազմի բոլոր աշխատակիցերին, երկաթյա ձվեր ածել պետք չէ։ Ինչպես հասկացա, ցավոք, միակ ինքնադրսևորվելու ձևը դարձրել եք դրվածք դնելը, ուրիշ ոչ մի բան: Որպես հաճախորդ ասեմ, որ շատ-շատ վատն եք դարձրել բուժծառայություններն ու դրանց մատչելիությունը:

Ու արձագանքելիս խնդրում եմ՝ չասեք, թե Մինասյանի կողմնակիցներին եմ հանդիպել։ Դա չասեք, որովհետև լիքը մարդկանց տասնամյակներով գիտենք այդտեղ, ուր տանում էի տարեց ծնողներիս, ընտանիքիս այլ անդամներին ու լավ գիտեմ նրանց քաղաքական համակրանքներից մինչև անձնական համակրանքներ ու հակակրանքներ: Չասեք, թե փոփոխություններ չեն ուզում, ուզում են։ Իջեք երկնքից ու մարդավարի պահեք ձեզ: Ի վերջո, հեղափոխության աջակիցները սպասում էին, որ ղեկավարությունն իրենց հետ վերևից չի շփվի, քիթը տնկած, ինքնահավան ու ամբարտավան, ու փոփոխությունները դրական կլինեն բոլորի կյանքում: 

Ի դեպ, նախկինում որևէ տեսակի վերաբերմունք չեմ ունեցել առողջապահության նախարարի հանդեպ, առավելապես ընդունել եմ այն ընկերներիս տեսակետը, որ աշխատող տղա է: Ու չգիտեմ՝ ինքը տեղյա՞կ է այս անառողջ մթնոլորտից ու վիճակից, իր կադրերի ներմուծած նորամուծություններից: Մի դարձեք ՀՀԿ, որը նույնպես մանկապարտեզներում, դպրոցներում ու պոլիկլինիկաներում ընկերների, ընկերոջ կանանց ու այլոց էր նշանակում: Մի մսխեք հեղափոխությունը:

Ստյոպա Սաֆարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ