23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոնկրետ իրեն բան եմ ասում՝ քո էդ գոռգոռոցից ու ճղճղոցից ոչ ոք չի վախենում. Շարմազանովը՝ Փաշինյանին

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը, ինչպես և ակնկալվում էր, կրկին անցնում է սև-սպիտակի ակնհայտ բաժանարար գծի տրամաբանության շրջանակներում։ Վարչապետի պաշտոնակատարի թե երեկ Թալինում, Արթիկում և Գյումրիում հնչած ելույթները, թե երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերը, թե այսօր Սպիտակում արված արտահայտություններն ու դրանց արձագանքները վկայում են այն մասին, որ, թերևս, այս հռետորաբանությանն ենք ականատես լինելու քարոզարշավի ողջ ընթացքում։

Մասնավորապես, այսօր Սպիտակում իր նախընտրական ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմելով դեռևս պաշտոնավարող ՀՀԿ-ական գյուղապետերին՝ ասել էոր, եթե հանկարծ նրանք մտքով անցկացնեն ընտրությունների կամ այլ առիթով վախեցնել գյուղացիներին, անձամբ է գնալու նրանց հետևից.

«Վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու կաբինետներից, վզներիցդ բռնած։ Ո՞նց, էս երկրում մարդ կա, որ փորձում ա քաղաքացուն վախեցնե՞լ։ Տո, այո, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին։ Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ Հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից»։

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը մեկնաբանելով  ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ համարը զբաղեցնող Էդուարդ Շարմազանովն ասաց.

«Վարչապետի պաշտոնակատարին ասեք՝ այ ընկեր, դու վարչապետի պաշտոնակատար ե՞ս, թե՞ ասֆալտ փռող։ Հերիք է աննպատակ, անկապ ու հիմնազուրկ հայտարարություններ անես։ Եթե փաստ ունես, որ ինչ-որ մեկն ինչ-որ մեկի նկատմամբ անօրինականություն է արել, ուրեմն հրահանգիր, թող իրավապահ մարմիններն աշխատեն, իսկ եթե փաստ չունես, քո էդ գոռգոռոցից ու ճղճղոցից ոչ ոք չի վախենում»,- վարչապետի պաշտոնակատարի հայտարարություններին արձագանքեց ՀՀԿ մամլո խոսնակը։

Է. Շարմազանովը նշեց, որ ինքն էլ, որպես ընդդիմադիր պատգամավոր, ասում է, որ, եթե որևէ մի քաղաքացու նկատմամբ, կլինի գյուղապետ թե ՀՀԿ շարքային անդամ կամ նրան սատարող որևէ մեկը, փորձ արվի վախի մթնոլորտ սերմանել, ապա թող վարչապետի պաշտոնակատարն իմանա, որ իրենք վախեցող չեն ու գնալու են մինչև վերջ։

«Թող Փաշինյանի մտքով չանցնի, որ իր գոռգոռոցներով կարող է Հանրապետականին վախեցնել։ Նա երևի տեսավ, որ 7 ամիս, գոռալուց բացի, ինքը ոչինչ չի արել։ Բնականաբար, թե երթը, թե միգուցե ունի տվյալներ և զգում է, որ էյֆորիան աստիճանաբար իջնում է, դրա համար էլ էլի սկսել է գոռալ։ Բայց նա երկրի վարչապետ է, և ժողովուրդը տեսել է, որ նա, բացի քայլերթ անելուց ու աննպատակ գոռալուց, այլ բան չի արել։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ արջն իր ահից է գոռում։ Ինչքան ինքը նյարդայնանում է, ուրեմն այնքան մենք ճիշտ ենք աշխատում»,- ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ է իշխող ուժի կողմից այժմ էլ ընտրվել նման մարտավարություն ու հռետորաբանություն, ասաց ԱԺ փոխխոսնակը։

Անդրադառնալով այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ սպառնաց զինվորականներին, ՀՀԿ-ին, որոնք Ս. Միքայելյանի հայտնի հայտարարության վերաբերյալ հանդես էին եկել հրապարակային քննադատությամբ, ասելով՝ հանգիստ նստեք ձեր տեղը, իսկ ՀՀԿ-ին կրկին սպառնաց ուղարկել «պատմության աղբանոցը», և ևս մեկ անգամ զգուշացրեց, որ քրեական գործեր են հարուցվելու բանակից «հաց գողացողների» դեմ, Էդուարդ Շարմազանովն ասաց.

«Հերիք է վարչապետն ուլտիմատումներով խոսի։ Իրենից վախեցող չկա։ Կոնկրետ ես ու իմ գործընկերները։ Ու հերիք է մատ թափ տա ՀՀԿ-ի վրա։ ՀՀԿ-ն միշտ եղել է, կա ու կմնա, իսկ իր նման գործիչները միշտ ունեցել են թիթեռի կյանք քաղաքականության մեջ։ Մի հոգի էլ կար իր նման կողքի պետությունում, անունն էլ՝ Սահակաշվիլի։ Տեսաք, թե հետո ժողովուրդը ոնց ճամփեց։ Ինքը վարչապետ է դարձել ժողովրդի խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե մատ թափ տալու։ Կոնկրետ իրեն բան եմ ասում՝ իր գոռգոռոցից որևէ Հանրապետական չի վախենում։ Մենք թուրքից չենք վախեցել, Սովետի Գուլագից չենք վախեցել, հիմա Աշոտ Նավասարդյանի կուսակցությունը քեզնից պիտի վախենա՞։ Գնա, քարոզարշավդ արա, ի՞նչ ես կպել Հանրապետականից»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ