05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՀՀԿ-ի թեկնածուների մեջ կան նաև բանվորներ, գործազուրկներ. ՀՀԿ-ի «ռեյտինգայինները»

Հայաստանի Հանրապետական կուսակցության 126 թեկնածուից կազմված ցուցակում, բացի կուսակցականներից, կան նաև անկուսակցականներ։ Առաջին տասնյակը արդեն հայտնի է. զբաղեցրել են ՀՀԿ-ի կարկառունները։ Նրանցից անկուսակցական են քաղաքական վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը և Մենուա Հարությունյանը։

ՀՀԿ-ի տարածքային կամ ինչպես ընդունված է ասել՝ ռեյտինգային թեկնածուները կամ դրանց մի մասը ևս անծանոթ չեն։ Նկատենք՝ կուսակցության ցուցակի մեծ մասը գործազուրկ է. դա, թերևս, հասկանալի է, քանի որ իշխանությունից զրկվելով՝ նրանք զրկվել են նաև պաշտոններից։

Երևանի թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) նախկին իշխանության գլխավոր ուժը առաջադրել է 13 թեկնածու, որոնց թվում ամենահայտնին ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն է։ Մյուս թեկնածուների թվում կան գործազուրկներ, բանվոր, երկաթակարգավար։

Երևանի թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ) ռեյտինգային թեկնածուները 12-ն են, որոնց թվում են Հայկ Բաբուխանյանը, Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետն էր, Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը և ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

Թիվ 3 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակը առանձնահատուկ չէ։ Այստեղ ուշագրավ է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի առաջադրումը։ Հիշեցնենք՝ Վահան Բաբայանը ԲՀԿ-ն լքել էր ծանր օրերին, բազմիցս քննադատել ՀՀԿ-ի իշխանությանը և այժմ, փաստորեն, նրանց ցուցակում է։ Այս ընտրատարածքում առաջադրվել է նաև ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը։

Թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ) ՀՀԿ-ի ռեյտինգայինների ցանկը բավական խայտաբղետ է. առաջադրվել են Արմեն Աշոտյանը, Կարիեն Աճեմյանը, անկուսակցականներ՝ Դավիթ Շահնազարյանը, ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Թիվ 5 ընտրատարածքում (Արարատի մարզ) դարձյալ առաջադրվել է Մուրադ Մուրադյանը, որն այժմ էլ ԱԺ պատգամավոր է։ Բացի նրանից, առաջադրվել են նաև Սուրենավանի ղեկավար Կարո Կարապետյանը, Լանջազատի ղեկավար Հրայր Հակոբջանյանը և ուրիշներ։

Թիվ 6 ընտրատարածքում (Արմավիրի մարզառաջադրվել է Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։ Մյուս թեկնածուները հանրությանը հայտնի չեն՝ Քնարիկ Պետրոսյան՝ մանկավարժ, գործազուրկներ՝ Աննա Վարդանյան, Մովսես Քարտաշյան, Արտակ Առաքելյան՝ Արմավիրի մարզպետարանի աշխատակից։

Թիվ 7 ընտրատարածքում (Արագածոտնի մարզ) առաջադրված թեկնածուներից հայտնի է Սարգիս Սահակյանը, որը Արագածոտնի նախկին մարզպետն էր։ Այս ընտրատարածքում է առաջադրվել նաև ԱԺ փոխնախագահի խորհրդական Գեղամ Պետրոսյանը։ 

Թիվ 8 ընտրատարածքում (Գեղարքունիքի մարզ) առաջադրվել է Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Կարեն Հակոբյանը, որը նաև ՀՀԿ խորհրդի անդամ է։ Մյուս վեց թեկնածուներն են՝ Արթուր Ավագյան, Անի Զոհրաբյան, Բագրատ Հարությունյան, Հասմիկ Մկրտչյան, Վիգեն Սահակյան, Նիկոլայ Քոչարյան։

Թիվ 9 ընտրատարածքում (Լոռու մարզ) առաջադրվել են հայտնի ՀՀԿ-ականներ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Թիվ 10 ընտրատարածքում (Կոտայքի մարզ) առաջադրված թեկնածուներից հայտնի է ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Դավթյանը։ Մյուս թեկնածուներն են՝ գործազուրկներ Անահիտ Գաբրիելյանը, Անդրանիկ Գևորգյանը, Սմբատ Փիլիպոսյանը, ՍԻՄ փոխնախագահ Արտակ Գրիգորյանը, դասապատրաստող Արմենուհի Հովսեփյանը և ՍՊԸ-ների տնօրեններ Աշոտ Ֆելիկյանը, Հովհաննես Օհանյանը։

Թիվ 11 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շիրակի մարզը, ՀՀԿ-ի ռեյտինգայինների ցանկը թույլ է. 13 անձից կազմված ցուցակում մեզ արդեն հայտնի մարդիկ չկան։ Թեկնածուներն են՝ մենեջեր Նվարդ Աբելյանը, գործազուրկ Ռեմիկ Աղաբաբյանը, ՍՊԸ-ի տնօրեն Լուսյա Անաստասյանը, գործազուրկներ Հարություն Արշակյանը և Ռուզան Կարապետյանը, ՀՀԿ-ի Գյումրու տարածքային կառույցի համակարգող Արտյոմ Կոշտոյանը, ՀՀԿ-ի Արթիկի տարածքային կառույցից Առաքել Հայրապետյանը, Ախուրյանի դպրոցի ուսուցիչ Անահիտ Հարությունյանը, ՀՀԿ-ի Գյումրու տարածքային կառույցից Նարեկ Միրզոյանը, Ներսես Ներսիսյանը, Կարապետ Պողոսյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Վարագյանը, Արթիկի բժշկական քոլեջի փոխտնօրեն Սուսաննա Տոնոյանը։

Թիվ 12 ընտրատարծքում, որն ընդգրկում է Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերը, առաջադրվել են Մենուա Հարությունյանը, Շուշան Պետրոսյանը, Հերմինե Նաղդալյանը և ուրիշներ։

Թիվ 13 ընտրատարածքում (Տավուշի մարզ) ՀՀԿ-ի թեկնածուներից հայտնի են Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, Սունդուկյանի անվ. Ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ