Ի՞նչ է կատարվում
Այն, որ մարդկանց թրաֆիքինգը “մոդայիկ” եւ չափազանց արդիական բառակապակցություն է դարձել՝ կիրառվելով ցանկացած հնարավոր ու անհնար առիթներով՝ անվիճելի է:
Թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտը եւ թրաֆիքինգի զոհերին աջակցություն տրամադրելու հիմնահարցերը հետաքրքրում են նաեւ պատգամավորական խմբերին եւ գործադիր մարմնի տարբեր գերատեսչություններին:
Վերջիններս, ի տարբերություն օրենսդիրների, բավականին փորձ ունեն ոլորտում: Բայց արի ու տես, որ պատգամավորները ոչ միայն նորեկ են, այլ միանգամից օրենք են գրել ու դրել շրջանառության մեջ:
Ընդամենը մի քանի օր առաջ՝ մարտի 27-ին, ՕԵԿ խմբակցության պատգմավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լեւոն Դոխոլյանի եւ Իշխան Խաչատրյանի կողմից շրջանառվել է “Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին” ՀՀ օրենքի նախագիծ, որը արդեն տեղադրված է խորհրդարանի կայքում/ http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=33316/:
Պատգամավորի գործը օրենք գրել է, ու այս ծանր հանցագործության զոհերի մասին մտածելը, նրանց օժանդակության հարցի օրենսդրական կարգավորման քննարկումը միանշանակ պետք է: Ավելին, թվում է թե ՕԵԿ-ի նախաձեռնությունը պետք է արժանանա միայն դրվատանքի: Բայց չշտապենք եւ մի փոքր ժամանակային առումով հետ գնանք:
ՀՀ ոստիկանությունը դեռեւս 2013թ. դեկտեմբերի 13-ին իր կայքէջում տեղադրել է “Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին” ՀՀ օրենքի նախագիծը /http://www.police.am/%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/bills.html/:
Եթե փորձենք համեմատել երկու նախագծերը, կհասկանանք, որ ՕԵԿ-ի նախագիծը ՀՀ ոստիկանության նախագծի հակիրճ տարբերակն է՝ 29 հոդվածի փոխարեն՝ 27 հոդված:
Հետաքրքիր է՝ որքանո՞վ է այս հարցում մասնագիտացված ՕԵԿ-ի հեղինակային խումբը եւ որտեղի՞ց են նրանք կարողացել կիրառել այն եզրույթները, որոնք գործածում են նաեւ ոստիկանները, այն էլ տառացի ճշգրտությամբ`մասնավորապես “հատուկ կատեգորիայի զոհ”, “ինքնանույնացված զոհ”, “նույնացման հանձնաժողով”, “նախանույնացում” եւ այլն:
Ի դեպ, այդ եզրույթները մինչեւ օրս մեր օրենսդրությամբ չեն կիրառվել եւ դրանք առաջարկվել են եվրոպացի փորձագետների կողմից:
Henaran.am-ը փորձեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի ավագ իրավախորհրդատու, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանից պարզել հանելուկը՝ ՕԵԿ-ը սեփականաշնորհե՞լ է ոստիկանության նախագիծը:
“Անկեղծ ասած՝ ինձ համար էլ էր նորություն ՕԵԿ-ի նախագիծը, որին ես ծանոթացել եմ միայն երեկ, իսկ ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստված նախագիծը քննարկվել էր դեռ անցյալ տարվա ամառվանից, այն լրամշակվել էր, շրջանառվել տարբեր գերատեսչություններով ու շահագրգիռ կազմակերպություններով՝ մինչեւ ստացել է իր վերջնական տեսքը:
Ավելին՝ այն քննարկվել է նաեւ միջազգային փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ, որոնք նաեւ իրենց նկատառումներն են ներկայացրել նախագծի հեղինակներին: Համամիտ եմ, որոշ եզրույթներ տառացի կրկնվում են, ինչը միանշանակ մտածելու տեղիք է տալիս, եւ ինձ էլ հետաքրքիր է այդ մեղմ ասած “զուգադիպության” պատճառները”,-ասաց Դ. Թումասյանը:
Ստացվում է այնպես, որ ՕԵԿ-ն ու ոստիկանությունը կամ միատեսակ են մտածում եւ նույն մտքերն են արտահայտում, կամ էլ հաշվի առնելով ժամանակագրությունը՝ պատգամավորները copy-paste են արել որոշ հոդվածներ: Գուցե ոստիկանությո՞ւնն է նախագիծը “զիջել” ՕԵԿ-ին …
Տարբերակներ շատ կարելի է առաջ քաշել: Սակայն եզրահանգումների մի մասն էլ թողնենք ընթերցողին եւ սպասենք պաշտոնական մեկնաբանություններին: