Վահագն Մարգարյանն այսօր առավոտյան մահացել է
Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանն այսօր առավոտյան մահացել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:
Նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում ավտովթար էր տեղի ունեցել ։ Մարգարյանը եղել էր տաքսու մեջ։
Երիտասարդը վթարի հետևանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել ստոծանին, հեռացվել էր փայծաղը:
Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նոյեմբերի 13-ի երեկոյան՝ հարազատների նախաձեռնությամբ: Մինչ այդ նա «Արմենիա» բժշկական կենտրոնում էր:
Վահագն Մարգարյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: 8 տարի հաճախել է ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոց, որից հետո տեղափոխվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարան` ուսումը շարունակելով նախ հայկական ժողովրդական, ապա` դասական բաժիններում:
Ուսման տարիներին պարել է տարբեր ներկայացումներում: Ավարտական կուրսում մասնակցել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» միջազգային պարի մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2013թ. ավարտել է պարարվեստի պետական ուսումնարանը և ընդունվել աշխատանքի Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ:
Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պադեդե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե) և այլն: 2015թ. Չեչնիայում մասնակցել է Մախմուդ Էսեմբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին: