25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փառքի ու իշխանության գալիք հեռանկարի կորստյան վախը

«Լա՛վ լսեցեք այս և մի՛ մոռացեք. Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու» (Ղուկ. Թ. 44-45):

Սիրելի´ հավատացյալ քույրեր եւ եղբայրներ,
Սբ. Խաչին նվիրված տասներորդ կիրակի օրը Սբ. Պատարագի արարողությամբ ավետարանական գիրը դարձյալ վերածվում է Աստծո կենդանի խոսքի: Մարդու Որդու մատնության կանխասացությունը հնչում է մի հանգրվանում, երբ Հիսուս հայացքն ուղղած Երուսաղեմին՝ վերջապես պատրաստվում էր անցնելու խաչի ճանապարհով, և որին նախորդել էր նրա կյանքի ու վարդապետության հսկայական մի ուղի: Ի՞նչ էին տեսել աշակերտները նախքան այս զգուշացումը: Տեսել էին Հիսուսին գերմարդկային զորությամբ, տեսել էին իրենց Վարդապետին, թե ինչպես է մարդկանց բժշկում հիվանդություններից, ազատում չար ոգիներից, հարություն շնորհում մահից, թե ինչպես է խաղաղեցնում ծովը, քայլում ջրերի վրայով, բազմացնում հացը: Վերջապես Թաբոր լեռան վրա տեսել էին Հիսուսին աստվածային իր ողջ փառքի ու զորության մեջ:

Այսինքն՝ տեսել էին, որ նրա ձեռքերի մեջ են հիվանդությունը, չար ոգիները, բնության տարերքն ու օրենքները: Եվ այս հանգրվանին հանկարծ Հիսուս աշակերտներին զգուշացնում է, որ իր տիրապետության տակ, իր ձեռքերի մեջ ունենալով ամբողջ աշխարհի զորություններն ու մարդկությանը՝ ինքն է արդեն մատնվելու մարդկանց ձեռքը: Հիսուսի այս կանխասացությանը աշակերտները նախ արձագանքում են անհասկացողությամբ:

Իսկապես, չափազանց դժվար է՝ տեսնել մեկին, որի առջեւ դողում է դիվական աշխարհը, խաղաղվում է բնության տարերքը, հնազանդվում է նույնիսկ մահը, և փորձել հասկանալ նրա՝ մարդկանց ձեռքը մատնության, այդօրինակ տկարացման հնարավորությունը: Աշակերտների մյուս արձագանքը վախի զգացողությունն էր, իրենց Վարդապետի գլխավորությամբ փառքի ու իշխանության գալիք հեռանկարի կորստյան վախը:

Պակաս անհասկանալի չէ աշակերտների պատասխանը՝ Հիսուսի մատնության զգուշացմանը. տարօրինակ կերպով մտածում են, թե իրենց մեջ ո՞վ է լինելու ամենամեծը, ո՞վ է զբաղեցնելու առաջին տեղը, ո՞վ է հռչակվելու գլխավորը: Անհասկանալի ու տարօրինակ է, քանի որ Հիսուս զգուշացնում է իր սպանության մասին, այնինչ աշակերտները մտածում են իրենց տեղի ու դիրքի մասին:

Եւ Հիսուս արձագանքում է համբերությամբ ու սիրով: Նախ՝ պատասխանում է խորհրդանշական արարքով. որպես մեծության օրինակ՝ վերցնում է մի մանչուկի և կանգնեցնում նրանց մեջտեղում, առաջինների ու առաջնորդների կենտրոնում: Իսկ ո՞րն է Հիսուսի այս արարքի դասը: Մարդկային մեր փորձառությունից լավագույնս գիտենք, որ մանուկներին բնորոշ են պարզությունն ու անմեղությունը, որոնց հիշողությունը դեռեւս խաթարված չէ մեղքի ախտահարմամբ, որոնց հոգին դեռեւս ծակծկված չէ հանցանքների փշերով: Մյուս կարեւոր առանձնահատկությունը մանուկների ամբողջական կախվածությունն է: Մանկան գոյությունը, աճելու և հասակ առնելու ընթացքը կախված է նրա ծնողներից կամ խնամակալից: Երրորդ՝ մանկական տարիքն առանձնանում է սովորելու ընթացքով. հետևում են իրենց ծնողների օրինակին, աշակերտում են իրենց ուսուցիչներին:

Մանուկները խորհրդանշում են նաեւ մեր մկրտության վիճակը, երբ չափահաս թե անչափահաս՝ մկրտությամբ, հոգևոր իմաստով դառնում ենք մանուկ՝ վերադառնալով մեր անմեղությանը: Եւ ահա Հիսուս աշակերտներին մանկան օրինակով ուսուցանում է, որ Աստծո ընտանիքի, երկնքի արքայության մեջ մեծությունը չափվում է անմեղությամբ, Աստծուց ամբողջական կախվածությամբ և մշտական աշակերտությամբ:

Գործնական օրինակին հետևում է Հիսուսի խոսքը. «Ով որ ընդունի այս մանկանը իմ անունով, ի՛նձ ընդունած կլինի, եւ ով որ ինձ ընդունի, ընդունած կլինի ինձ ուղարկողին, որովհետեւ ով որ ձեր բոլորի մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծը» (Ղուկ. Թ. 48): Հիսուս, որպես Ճշմարիտ մեծության գործնական արտահայտություն, մատնանշում է ընդունելությունը, գրկաբաց վերաբերմունքը փոքրի, խոցելի մեկի, կարիքավորի նկատմամբ, որի հնարավորությունը սերն է, խոնարհումը, նույնացումը: 
Աստծո խոնարհումը սիրո և նույնացման վսեմագույն թարգմանությունն է մեզ՝ քրիստոնյաներիս համար, որ կոչված ենք հետևելու Տիրոջ ճանապարհին: Աստվածային խոնարհումը դրսևորվում է հատկապես երեք կարեւորագույն խորհուրդների` Աստվածորդու մարդեղության, խաչելության եւ Սբ. Հաղորդության մեջ:

Սուրբ Ծննդյան պատմական իրադարձությամբ Աստված անսահմանությունից իջնում է սահմանի մեջ, հավիտենականությունից մուտք է գործում ժամանակի մեջ, երկնային փառքից ունայնանում է՝ չափելի դառնալով երկրային իրականության մեջ: Որքան անըմբռնելի է Աստծո մեծությունը, այնքան խորհրդավոր է Նրա խոնարհումը, և աստվածային սիրո սահմանը գծվում է Նրա մեծության ու խոնարհության անսահմանությամբ: Աստվածային սերը չի բավարարվում միայն ծննդյան խորհրդով: Աստված այնքան է խոնարհվում, որ անցնում է մարդկային կյանքի բոլոր հանգրվանները՝ բաժնեկից դառնալով նաեւ մեր մահվանը, այն էլ՝ մահվան ամենադաժան դրսևորմանը: Երկու տարբեր բեւեռներ՝ ծնունդ եւ մահ:

Երկուսն էլ արտահայտությունն ու վկայությունն են Աստծո անսահման սիրո եւ անըմբռնելի խոնարհության. ծնունդ՝ հատկանշված մսուրի մեջ ծնվելու խոնարհությամբ, մահ՝ հատկանշված խաչափայտի վրա զոհաբերությամբ: Հապա նայենք այն մարդկանց խոնարհության օրինակին, որոնք այս իրադարձությունների ականատեսներն են. մոգերն ու հովիվները, որոնք անօգնական մանկան մեջ կարողանում են ճանաչել փրկչին, խաչված ավազակը, որն իր պես օգնության կարիք ունեցող մեկի մեջ է տեսնում իր փրկչին: Վերջապես մեծագույն օրինակը մեզ տալիս է Աստվածամայրը՝ Հիսուսի ողջ կյանքի ուղեկիցը: Մարդեղության խորհրդով Աստվածածնի մեջ իրար են հանդիպում երկու խոնարհություններ` աստվածայինը եւ մարդկայինը՝ գծելով մեր՝ քրիստոնյաներիս խոնարհության ճանապարհը:

Տիրոջ խոնարհության ընթացքը շարունակվում է նաև այսօր, որի զորեղ վկայությունը Ս. Հաղորդության խորհուրդն է: Մեր Տերն այսօր էլ մատնվում է մեր ձեռքը, իջնում այն աստիճան, որ երկնքից իջած կենաց հացի տեսքով հայտնվում է մեր՝ մեղավորներիս ձեռքը: Եւ այստեղ մեծագույն հրաշքն այն է, որ երբ աստվածային խոնարհությանը հանդիպում է մարդկային խոնարհությունը, մեր կյանքն հիմնովին վերափոխվում է. վերականգնում ենք Աստծո առաջնահերթությունը՝ մանկան օրինակով մեր անկախությունն ու ազատությունը տեսնելով Աստծուց կախվածության մեջ:

Սիրելի՛ հավատացյալներ,
Հիսուսի եւ աշակերտների միջև զրույցը տեղի է ունենում ճանապարհին: Այսօր մենք ևս ճանապարհին ենք, և Աստծո խոսքը մեր ականջին հնչում է նույն զգուշացմամբ. «Մարդու որդին մատնվելու է մարդկանց ձեռքը» (Ղուկ. Թ. 44-45): Սուրբ Եկեղեցին ինչո՞ւ է մեզ դարձյալ հիշեցնում Մարդու Որդու մատնության կանխասացությունը 21-րդ դարում, երբ բոլորիս է հայտնի Տիրոջ խաչելությունը՝ պսակված հարության հաղթանակով: Սիրելինե՛ր, մենք էլ աշակերտների գայթակղությունն ունենք: Այո´ գիտենք, որ Հիսուս հարությամբ հաղթանակ է տարել մահվան դեմ, բայց մեր կյանքով դարձյալ ապրում ենք այն նույն զգացումները, որ ունեցան աշակերտները՝ անհասկացություն, վախ, պայքար հանուն սեփական դիրքի ու մեծության:

Այս զգուշացումն առավել քան հրատապ է այսօր, երբ մեր հավատը աչքի է զարնում առանց խաչի խորհրդի, երբ մեր կյանքը հատկանշվում է առանց խաչի իրադարձության: Հրաժարվել խաչի ճանապարհից՝ նշանակում է նախընտրել մրցակցության ճանապարհը, հրաժարվել խոնարհումից՝ նշանակում է ապրել մեծության մարմաջով: Մեզ համար երկու ծառ գոյություն ունի՝ չարի եւ բարու գիտության ծառը, որի վրա գրված է մեծություն, եւ խաչի ծառը, որի վրա դարձյալ գրված է մեծություն:

Բայց մի ծառը խորհրդանիշն է այս աշխարհի մեծության, որը քարոզում է՝ հնարավորինս ավելին, հնարավորինս առաջ, հնարավորինս վերև՝ հանուն սեփական բարեկեցության ու մեկուսի երջանկության: Մյուս ծառը, մինչդեռ, խորհրդանիշն է սիրո մեծության՝ արտահայտված խոնարհությամբ ու զոհաբերությամբ, որը դարձյալ քարոզում է հնարավորինս ավելին, հնարավորինս առաջ, հնարավորինս վերև, սակայն կարիքավորի հետ բաժնեկցության, մեր նմանին ծառայության, խոցելի մեկին զորակցության նպատակով:

Սիրելի´ բարեպաշտ ժողովուրդ, Տեր Հիսուս բազմաթիվ  հրաշքներ գործեց՝ բացահայտելով աստվածային իր զորությունը, բայց խաչի հաղթանակով ցույց տվեց, որ մեծագույն հրաշագործությունը անսահման սիրով պայմանավորված խոնարհությունն է: 

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ`
ԽՈՍՎԱԾ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ
Ս. ՊԱՏԱՐԱԳԻՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ