23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երթեւեկության նոր օրենք, նոր կոռուպցիա. Հրապարակ

Կառավարությունը եւ անձամբ վարչապետի պաշտոնակա­տարը մեծ նշանակություն են տալիս վարչական իրավախախտում­ների մասին օրենքի նոր փոփոխու­թյուններին՝ հույսով, որ դրանք թե-թեւացնելու են քաղաքացու կյանքը եւ հատկապես ոստիկանության հետ հարաբերություններում բարձրացնե­լու են վերջինիս նկատմամբ վստա­հությունը: Դրանք, ինչպես բազմիցս հայտարարվել է, վերացնելու են ՃՈ կողմից քաղաքացիներին ամեն գնով հետապնդելու եւ տուգանելու ավան­դական նպատակադրումները:

Համենայնդեպս, նման հույս ունի Փաշինյանը: Առաջարկվող փոփոխություն­ներով վերանայվում են տուգանքի չափերը, վարորդական իրավունքից զրկվածների համար դրանց վերա­կանգնման ավելի մեղմ պայմաններ են սահմանում, ՃՈ-ն, դրանց համաձայն, վերակազմավորվում է, դառնում է պարեկային ծառայություն եւ այլն: Սակայն կարծիք կա, որ նոր կանոն­ները, որոնք մշակվել են ՀՀ ոստիկա­նության իրավաբանական վարչու­թյան կողմից, իրականում կոռուպցի­այի թաքնված ռիսկ են պարունակում, եւ եթե դրանք իրավական ուժ ստա­նան, ապա ՃՈ տեսուչներին տրվող կաշառքի չափերը մեծանալու են, իսկ քաղաքացիների կյանքն ամենեւին էլ չի թեթեւանալու, այլ, լավագույն դեպքում, մնալու է նույնը: Այս կարծի­քը թերթի հետ զրույցում հիմնավորեց փաստաբան Հակոբ Ճարոյանը:

Նա՝ որպես իրավաբան ու ավտովարող, որը շատ է երթեւեկում, մանրամասն ուսումնասիրել է առաջարկվող փոփոխությունները, վերլուծել դրանք: Նոր օրինագծով ՃՈ խախտումների համար սահման­ված տուգանքների չափը մեծացվել է: Օրինակ, այսօրվա օրենքը նախա­տեսում է տուգանք նվազագույն աշ­խատավարձի հնգապատիկի չափով’ անվտանգության գոտիները չամրա­կապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում, կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցները վարելու դեպքում: Նոր օրենքով հաճախ թույլ տրվող այս խախտումների համար տուգանքն ավելանում է կրկնակի, այսինքն՝ առանց ամրագոտու երթեւեկելու դեպքում վարորդը տուգանվե­լու է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Գործող օրենքը սահմանում է, որ վարորդների կողմից խաչմերուկների անցման կա­նոնները խախտելը, հետիոտնային անցումների հատման, վազանցի կա­նոնները խախտելու, ռադիոկապից եւ հեռախոսակապից օգտվելու համար նրանք տուգանվում են նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չա­փով: Նոր օրենքով այս տուգանքները նույնպես կրկնապատկվում են:

«Իսկ սա նշանակում է,- ասում է Ճարոյանը,- որ եթե հիմա խախտում կատարելու դեպքում տեսուչը 3 հազար դրամ կաշառք է վերցնում եւ մարդուն ազա­տում է 5 հազար դրամ տուգանքից, ապա առաջարկվող փոփոխությունից հետո կաշառքի չափը դառնալու է 5 հազար հազար: Նկատեք, որ նշված իրավախախտումներն ամենատա­րածվածն են»:

Տուգանքի չափի նվա­զում տեղի է ունեցել այն դեպքում, եթե վարորդը հեռահար լույսը մո­տակայի չի փոխարկել կամ արգել­ված դեպքերում հեռահար լույսով է վարել, նաեւ՝ ուղեւորների կանոնա­վոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կամ բեռնատարների վարորդների կող­մից ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք եւ ավելի երթեւեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտիով երթեւեկելու դեպքում: Այս խախտումների համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատա­վարձի տասնապատիկի եւ յոթնապա­տիկի չափով, բայց նոր օրենքում նշ­ված է հնգապատիկ չափը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ