Օրական երեք բաժակ թեյը կարող է իջեցնել արյան ճնշումը
Արևմտյան Ավստրալիայի և Unilever համալսարանի գիտնականները բացահայտել են, որ օրական երեք բաժակ թեյ խմելն իջեցնում է արյան սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումը:
Նշենք, որ սիստոլիկ ճնշումը սրտի աշխատանքի ժամանակ զարկերակների պատերի վրա արյան առավելագույն ճնշումն է, իսկ դիաստոլիկ ճնշումը սրտի հանգստի ժամանակ զարկերակների պատերի վրա արյան նվազագույն ճնշումն է:
Ինչպես գրում է Daily Mail-ը, հարկավոր է հաշվի առնել, սակայն, որ հետազոտողներն իրենց հետևությունները կատարել են՝ հետազոտելով սև թեյի ազդեցությունը, իսկ կաթով թեյի ազդեցության մասին այս հետազոտութունը տեղեկություններ չի տալիս:
Թեյը ջրից հետո աշխարհում ամենատարածված խմիչքն է: Այն հարուստ է պոլիֆենոլներով և հակաօքսիդանտներով, որոնք օգտակար են քաղցկեղից խուսափելու համար: Այժմ հետազոտողները պարզել են, որ այն նաև օգտակար է սիրտն առողջ պահելու համար:
Հետազոտության գլխավոր հեղինակ Ջոնաթան Հոդգսոնն ասել է, որ սա կարևոր ուսումնասիրություն է, քանի որ թույլ է տալիս հնարավորինս խուսափել սրտային հիվանդություններից:
Ուսումնասիրությունը հրապարակվել է Archives of Internal Medicine ամսագրում: