30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես շատ շնորհակալ եմ նախորդ իշխանություններին. Հայկ Մարությանի վերափոխումը

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նոր Նորք վարչական շրջան եւ աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհերյանին: Մի քանի ոլորտների առնչությամբ ներկայացնելով իր մոտեցումները՝ Երեւանի քաղաքապետն ընդգծել է, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել` օրվա խնդիրները լուծելուց բացի, նաեւ մնայուն ծրագրեր իրականացնելու համար:

«Այսուհետ մենք պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր քաղաքի բնակիչները ոչ միայն բավարարված, այլ նաեւ գոհ լինեն մեր աշխատանքից: Մենք նոր իշխանություններ ենք եւ մեզ վրա ենք վերցնում կառավարման պատասխանատվությունը, փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի հետագայում պատվով հանձնենք կառավարումը հաջորդ իշխանություններին:

Մենք պարտադիր պետք է շնորհակալ լինենք նախորդ իշխանություններին՝ կատարված աշխատանքի համար, որովհետեւ, այո, մեծ աշխատանք է կատարվել: Միգուցե եղել են թերացումներ, բայց, միեւնույն է, ծառայություն է մատուցվել բնակչությանն ու մեր քաղաքին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ»,-  նշել է Հայկ Մարությանն ու շնորհակալություն հայտնել վարչական շրջանի ղեկավարի նախկին պաշտոնակատար Արմեն Զաքոյանին եւ աշխատակիցներին` վարչական շրջանում կատարած աշխատանքի համար: 

Խոսելով հետագա անելիքների մասին` Երեւանի քաղաքապետն ընդգծել է, որ ցանկացած որոշում ու ծրագրի իրագործում պետք է լինի միայն օրենքի տառին համապատասխան:

«Եղել են որոշումներ, որոնք ուղղակի հակասել են հանրության պահանջներին: Մի քանիսին արտոնություն է տրվել, եւ ընդհանրապես հաշվի չեն առնվել այդ մարդկանց ցանկություններն ու իրավունքները: Ցավոք, մենք այդ ժառանգությունը ստացել ենք: Բայց այսուհետ ոչ միայն այդպես չի լինելու, այլեւ ցանկացած որոշում ընդունվելու է՝ հաշվի առնելով հանրային շահը: Մենք այսօր մեր քաղաքը վերականգնելու եւ վերակառուցելու բացառիկ հնարավորություն ունենք: Կանցնի 5, 10 կամ 15 տարի, երբ նոր սերունդը այդ ժամանակ գա, պետք է այնպես անենք, որ մեր մասին հպարտությամբ խոսի, ոչ թե փնովի: Մենք եթե որոշել ենք ծառայել մեր ժողովրդին, ուրեմն մեր անելիքը դա է»,- ընդգծել է  քաղաքապետը:

Երեւանի քաղաքապետը շնորհավորել է Հայկ Մհրյանին՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ, եւ մաղթել  ձեռքբերումներ աշխատանքում՝ ի նպաստ բնակիչների ու Նոր Նորք վարչական շրջանի զարգացման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ