ՀՀԿ-ն առաջիկայում համաժողով կանի. Վահրամ Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջիկա օրերին հայտարարություն կանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցի վերաբերյալ, այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Առաջիկա օրերին մենք համաժողով կունենանք և հայտարարություն կանենք։ Իսկ ցուցակի առաջին հնգյակը, քառյակը կամ տասնյակը մենք չենք քննարկել», – ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ ցուցակն ընտրություններում գլխավորի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.
«Որևէ բան առայժմ չենք կարող ասել, մենք այդ հարցի քննարկումը կանենք առաջիկա օրերին։ Կարող եմ ասել, որ մասնակցության դեպքում կուսակցության ցուցակը պետք է լինի քաղաքական ցուցակ, միանշանակ քաղաքական։ Կլինի ընդդիմությանը հարիր ցուցակ»։
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ-ի նպատակն է ձևավորել քաղաքական պառլամենտ։
«Մեզ համար գերնպատակ չի եղել լինել իշխանություն կամ լինել ընդդիմություն։ Մենք մտնում ենք Ազգային ժողով՝ մեր դեմքը ցույց տալու, վերականգնվելու»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Նա ընդգծեց՝ ՀՀԿ-ն լինելու «արմատական-կառուցողական» ընդդիմություն, բայց պարտադիր նաև դրականը նկատող։