Բողոքի ակցիա է սկսվել ԱԺ-ի դիմաց
Բողոքի ակցիա է սկսվել ԱԺ շենքի դիմաց: Փողոց են դուրս եկել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ վարորդները պահանջում են աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը վերացնել։ Նախաձեռնության անդամները նշում են, որ լուծում ունեն եւ պետք է բանակցեն կառավարության հետ: Հիշեցնենք, որ 2018 թ. հունվարի 18-ին կառավարության որոշմամբ արգելվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը:
Այս պահին 150 մեքենա կանգնած է, ավելի քան 2000 նոր գնված մեքենաներ Վրաստանում են: «Սահմանում գերի են մեր մեքենաները: Փորձում ենք գտնել տարբերակ մեր մեքենաները վերադարձնելու մեզ: Բոլորին ենք դիմում, ով այս հարցով կարող է օգնել մեզ: Վարչապետն է մասնակցելու, դրա համար այստեղ ենք կազմակերպում ակցիան»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Օրեր առաջ նույն խնդրով բողոքի ակցիա էր Բագրատաշենի անցակետում: Ակցիայի մասնակիցներին է մոտեցե ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: « Ես ինչքանով տեղեկացված եմ, օրենսդրական խնդիր կա: Ձեզ հավաքված տեսա, զանգահարել եմ նախարարին, խնդիրը հասկանամ հետո դուրս կգամ ձեզ մոտ»,- ասել է նա:
Ի դեպ, հիշեցնենք, Ժողովուրդ օրաթերթն էր օրեր առաջ խնդրին անդրադարձել, զրուցել էր Տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանի հետ: Անդրադառնալով հարցին, թե մարդիկ փաստի առաջ են կանգնել, նախարարը ցնցող պատասխան է տվել.
«Դե մարդիկ էլ կան, որ կոկաին են բերում և այնտեղ` սահմանին, խնդրի առաջ են կանգնում»: Թերթը գրել էր, որ ստացվում է՝ երիտասարդ նախարարը չի՞ գիտակցում իր զբաղեցրած պաշտոնի լրջությունը և անտեսելով փակուղու առաջ կանգնած մարդու խնդիրները՝ անհեթեթություննե՞ր է «դուրս տալիս»: