Նաիրիտցիներին վախեցրել են. Ժողովուրդ
“Ժողովուրդը” գրում է, որ “Նաիրիտ գործարան” ՓԲԸ-ի աշխատակիցները վախեցած են այն աստիճան, որ նույնիսկ չեն համարձակվում բողոքի ակցիա կազմակերպել։
“”Ժողովուրդ”-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հայտարարեց, որ գործարանի տնիօրինությունն իրենց սպառնում է՝ ասելով, որ բողոքի ակցիա անցկացնելու դեպքում ընդհանրապես աշխատավարձ չեն ստանա։ Տեղեկացնենք, որ գործարանի աշխատակիցները պետք է այս օրերին ստանային իրենց եւս մեկ ամսվա աշխատավարձը, սակայն չեն ստացել։ Ընկերության տնօրենը երեկ աշխատակիցներին փոխանցել է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանի հետ խոսել է եւ իմացել, որ փող չի լինելու. “Եթե եկող շաբաթ փող գտնեն, ապա կստանաք”։
“Ժողովուրդ”-ն այս հարցի վերաբերյալ փորձեց տեղեկություն ստանալ նաեւ գործարանից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Փաստորեն մարդկանց խնդիրները լուծելու փոխարեն վախեցնում են՝ փորձելով այդպես խեղդել կուտակված դժգոհությունը”,- գրում է թերթը։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: