Կամավոր կազմակերպվեք և կոլխոզ ստեղծեք. Փաշինյանի առաջարկը՝ սյունեցիներին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ այսօր գտնվում էր Սյունիքի մարզում, որտեղ երեկոյան պետք է մասնակցեր քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին։
Մինչ այդ նա հանդիպել է սյունեցիներին և լսել նրանց խնդիրների մասին։
Բնակիչները բարձրաձայնել են շարք խնդիրների, այդ թվում՝ գյուղատնտեսության զարգացման մասին, մասնավորապես, թե կառավարությունն ինչ ծրագրեր է պատրաստվում իրականացնել Հայաստանի գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ և ինչ քայլեր է ձեռնարկում գյուղտեխնիկան համալրելու և թարմացնելու համար։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ քննարկում են մի քանի ծրագրեր, դրանցից մեկն էլ նախատեսում է գյուղատնտեսական տեխնիկաների ներմուծում Հայաստան, որից հետո նախատեսում են լիզինգի պայմաններով ստեղծել ընկերություններ, որոնք երկրում հասանելի կդարձնեն գյուղատնտեսական տեխնիկան։
«Մեր գյուղատնտեսությունում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, բայց գլոբալ խնդիրն այն է, որ մեր մշակովի արտադրությունն արդեն այնքան է զարգացել, որ մտավախություն ունենք, որ հաջորդ տարվանից մեր գյուղատնտեսությունը չի կարողանալու արտադրել այնքան գյուղմթերք, որքան մթերելու համար անհրաժեշտ է գործարաններին։ Մենք երեք խնդիրներ ենք տեսնում, որոնք պետք է լուծենք՝ ոռոգման ջրի, հակակարկտային պաշտպանության և գյուղտեխնիկայի խնդիրները»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը նաև նկատեց, որ տարբեր մարզերում անդրադառնում է նախկին կոլխոզների թեմային։
«Կոլխոզները լավ հիշո՞ւմ եք, դրանք Ստալինն էր ստեղծել, ըստ էության՝ բռնությամբ, բայց այսօր օրենքով հնարավորություն կա, որ դուք բոլորդ կամավոր կազմակերպեք և կոլխոզ ստեղծեք, գյուղատնտեսական կոլեկտիվ տնեսություններ։ Այդ պարագայում, գիտեք՝ ի՞նչ հնարավորություններ կբացվի, օրինակ, գյուղացիական կոոպերատիվներին տրվող վարկերը շատ ավելի էժան են, գյուղացիական կոլեկտիվները շատ ավելի լավ պայմաններով են տեխնիկայից և ամեն ինչից օգտվում։ Մեր իրականության մեջ այդ «խասյաթը» կա, որ ասում ենք, թե՝ այ, որ այսպես լիներ, ինչ լավ կլիներ, այժմ այդ հնարավորությունը ստեղծված է, խնդրում եմ ձեզ, մտածեք այդ մասին, մարզպետարանն էլ, քաղաքապետարանն էլ թող աջակցեն ձեզ այդ հարցում»,- ընդգծեց Ն. Փաշինյանը։