9 թեկնածուների մեջ կա՞ Հասմիկ Պողոսյանը
Ապրիլի 4-ին տեղի կունենա Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատորնի տնօրենի ընտրություններ: Այստեղ առաջին անգամ է տնօրեն ընտրվելու, քանի որ միշտ նշանակվում էր Կամո Հովհաննիսյանը: Թատերագետ Լեւոն Մութաֆյանի անդրադառնալով թեմային` մասնավորապես նշեց, որ այօրվա օպերայի թատրոնը չի կարելի համեմատել անցածի հետ: “Չկա ռեժիսուրյա, չկա խաղացանկ, բավարարվում են օպերայի համերգային համարներով”,-ասաց Մութաֆյանը: Ինքը, որպես թատերասեր, հույսեր ունի, որ նոր տնօրենը իսկապես կմտածի թատրոնի մասին:
Դեռ պարզ չի քանի թեկնածու է առաջադրվել: Շրջանառվում է 9 թեկնածուի անուն, որից 6-ի անունն է հայտնի: Կամերային երաժշության տան տնօրեն Արման Ծատուրյան, օպերային երգիչ Բարսեղ Թումանյան, Առնո Բաբաջանյանի համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյան, օպերային երգիչ Տիգրան Դավթյան, կոմիտասագետ Արթուր Շահնազարյան, կոմպոզիտոր Երվանդ Երկանյան:
Ըստ Մութաֆյանի, շրջանառվում է նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի անունը:
Թատրոնի երգչուհի Մագդա Մկրտչյանի խոսքով, երգիչները Բարսեղ Թումանյանին են ուզում տեսնել տնօրենի պաշտոնում: Նրանց կարծիքով, Թումանյանը կհասկանա արվեստագետին: “Պիտի երգեն, պիտի խաղանք, սա է մեր առաքելությունը: Եթե չենք երգում, ուրեմն չկա օպերա”,-ասաց Մկրտչյանը:
Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն, տնօրեն է ընտրվելու Հասմիկ Պողոսյանի “հավատարիմը”` Արման Ծատուրյանը: Վերջինս կմնա այնքան ժամանակ տնօրեն, մինչեւ տիկին Պողոսյանը կլքի նախարարի աթոռը ու կտեղափոխվի օպերայի ազգային թատրոն: