Սովորելը երբեք ուշ չէ, ինքնուսուցներ վարձեք. Աշոտյան-Զոհրաբյան ՛՛դուելը՛՛՝ շարունակելի
Ազգային ժողովում ՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարության առաջարկի վերաբերյալ ելույթում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր էլ շեղվեց թեմայից՝ շարունակելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ բանավեճը:
՛՛Ես հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ցինզմը և դատարկաբանությունը՝ ինտելեկտի հոմանիշը, ակնհայտ տափակախոսությունը՝ կրեատիվ լինելու հոմանիշը՛՛,-ասաց Զոհրաբյանը՝ խորհուրդ տալով.
՛՛Ինտելեկտին պարբերաբար հղումներ անելուց առաջ գոնե ճիշտ աշխատեք, որ ձեր և այլ կարկառուն ներկայացուցիչ օգտատերերի ֆեյսբուքյան ճախրանքներում խայտառակ ուղղագրական սխալներ չլինեն: Ես չեմ պնդում, որ դա պարզ տառաճանաչության ու գրագիտության պակաս է, բայց հակառակ վարկածը հերքել չեմ կարող:
Չեմ խոսում որոշ կարկառուն օգտատերերի երբեմն-երբեմն արված օտարալեզու պասաժների մասին, որտեղ օրինակ՝ երեք բառից բաղկացած պարզ համադասական նախադասության մեջ բառերի բոլոր տառերը կարող են գրվել սխալ: Սովորելը երբեք ուշ ու ամոթ չէ, ինքնուսուցներ վարձեք, փողը այլ ֆունկցիոնալ նշանակություն ևս ունի՝ բացի ընտրություններ կեղծելուց, և Նապոլեոնիզմով տառապելը լուրջ շեղում է: Դատելով որոշ դեպքերի խիստ կլինիկական պրոգրեսից նրա դեմ պատվաստումը առ այս պահը ցավոք դեռևս գտնված չէ, առողջ եղեք՛՛,-եզրափակեց Զոհրաբյանը:
Ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ պատգամավորը թեմայից շեղվեց:
՛՛Հանրությանը շեղում եք, այլ հարց ենք քննարկում, հանրությունն է, որ ձեր խոսքերին դիմանում է, ձեր կարկառուն մտքերին՛՛:
Բանավեճը ըստ ամենային այսօր կշարունակվի, քանի որ ԿԳ նախարարը օրենքի հետ կապված 20 րոպե ելույթի իրավունք ունի: