Կան դերասաններ, որոնք տարվա մեջ մեկ-երկու անգամ են բեմ դուրս գալիս. թատրոնի խնդիրները
Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է : Հայ թատրոնի խնդիրների և հաջողությունների մասին լրագրողների հետ այսօր կիսվեցին դերասան Ռազմիկ Խոսրոևը և Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
‘’Թատրոնը այն արվեստն է, որ հանդիսատեսի հետ անմիջականորեն կապ ունի և որևէ ներկայացում չի կարող ստեղծել առանց հուզականի, այսինքն առանց հանդիսատեսի: 1961 թվականից Յունեսկո-ի որոշմամբ այս օրը հռչակվեց թատրոնի միջազգային օր: Եւ ամեն տարի մարտի 27-ին մենք նշում ենք այդ օրը”,-նշեց Ռուբեն Բաբայանը:
Ռազմիկ Խոսրոևը նկատում է, որ տարվա մեջ մի անգամ հիշելը թատրոնի միջազգային օրը դա պարտավորեցնող է. ” Մասնավորապես նախարարությանը, քաղաքապետարանին: Այս օրերին անցկացվում է նաև Արտավազդ ամենամյա մրցանակաբաշխությունը: Նախագահը տալիս է մրցանակ: Օրերս նախագահի մրցանակներ ստացան հայտնի թատերական գործիչներ: Սակայն ոչ մի թատրոն մրցանակ չստացավ: Որևէ թատրոն մրցանակի արժանի չէր, ես ու պարոն Բաբայանը այդ կարծիքը չենք կիսում”,- ասաց Ռազմիկ Խոսրոևը:
Նա տեղեկացրեց, որ թատրոնը այսօր հանդիսատեսի խնդիր չունի, աշխատում է իր ամբողջ օրգանիկայով, ռեպերտուարային թատրոնը գոյություն ունի, նոր ներկայացումներ են բեմադրվում:
Ռուբեն Բաբայանը ցավում է, որ որոշակի խնդիրների պատճառով, այդ թվում նաև՝ ֆինանսական ներկայացումները ավելի քիչ են բեմադրվում, քան նախկինում:
”Թատրոնի ստեղծագործական պրոցեսը արագ փոփոխվող է և թատրոնից պահանջում են : Կան դերասաններ, որոնք տարվա մեջ մեկ-երկու անգամ են բեմ դուրս գալիս”,-հավելեց Բաբայանը: