Փոփոխվում է Մաքսային միությանն ընդառաջ
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է Մաքսային միությանն անդամակցելու պետական քաղաքականություն, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ագրոարդյունաբերության ոլորտի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրությանը: Այսօրվա նիստում գործադիրը ուժը կորցրած է ճանաչել այդ խնդրին վերաբերող իր նախկին որոշումը:
Մաքսային միության տարածքում գործում են 2013 թվականին հաստատված մսի և մսամթերքի, կաթի և կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի հյութերի և հացահատիկի անվտանգության տեխնիկական կանոնակարգերը, որոնք Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո անհրաժեշտ կլինի տեղայնացնել:
Տեղայնացման ենթակա կլինեն նաև սննդամթերքի բոլոր տեսակների, այդ թվում՝ թարմ պտուղ-բանջարեղենի, ձվի և ձվամթերքի, ինչպես նաև գարեջրի հիգիենային և անվտանգությանը, մակնշմանը և շփվող նյութերին ներկայացվող պահանջները, թույլատրելի սննդային հավելումները, դրանց շուկայահանման ընթացակարգերը և այլն:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ մոտենում է Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը, գործադիրն հավանություն է տվել մինչև 2016թ. սեպտեմբեր դրա երկարացման ծրագրին: ՀՀ ֆինանսների նախարարությանն հանձնարարվել է մինչև ս.թ. մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել ծրագրի իրականացման նպատակով ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև վարկային միջոցների ներգրավման միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:
Միաժամանակ ակտիվացվելու է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքը:
ՀՀ կառավարության 2013թ. հունիսի 20-ի որոշմամբ Բելառուսի Հանրապետությունից տրակտորներ և հարակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ՛՛Սերմերի գործակալություն՛՛ ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամին է փոխանցվել 900 մլն դրամ, որով ներկրվել է 100 տրակտոր և 125 միավոր հարակից սարքավորում: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ներկրել ևս 100 տրակտոր, կոմբայններ և սարքավորումներ, ուստի նշված գումարը վերադարձնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014թ. նոյեմբերի 1-ը:
Կառավարության որոշմամբ Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության համաձայնագրով նախատեսված ՀՀ իրավասու մարմիններ են նշանակվել ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: