Ի՞նչ ռիսկեր է պարունակում վարչապետի հրաժարականը
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ վարչապետի հաժարականը ակնհայտ ռիսկեր է պարունակում:
«Նա թեև կմնա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, բայց ռիսկեր և վտանգներ կան, ինչպես տարբեր խմբակցություններից, այնպես էլ առանձին անհատներից: Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերը սխալի գինը հասկանում են, և այդ խմբակցությունները գիտեն՝ եթե նորից սխալ անեն, դա իրենց համար կլինի քաղաքական մահ»,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:
Գրիգորյանը շեշտեց՝ որքան էլ մարդիկ հարգում և հավատում են Նիկոլ Փաշինյանին, այնուամենայնիվ, եթե նրա դեմ հիմա որոշակի սանդրանքներ լինեն, դժվար կլինի ասել, կկարողանա՞ վերջինս կանգնեցնել ժողովրդին թե՝ ոչ. «Դժվարանում եմ ասել, քանի որ եթե հիմա լինի նման սադրանք, դա արդեն ուղղված կլինի պետության դեմ և այդ դեպքում ես համոզված չեմ, որ ժողովրդին հնարավոր կլինի կանգնեցնել և ես չեմ նախանձի այդ սադրիչներին»,-ընդգծեց նա:
Մեր հարցին՝ ներկա քաղաքական ներկապնակում, որ ուժերը կարող են ընդդիմության դերը ստանձնել, Ստեփան Գրիգորյանը դժվարացավ պատասխանել. «Այսօր անիմաստ է խոսել ընդդիմության մասին, որովհետև կարծում եմ, որ խորհրդարան կանցնեն միայն այն ուժերը, ովքեր սատարել են այս «Թավշյա հեղափոխությանը», լինի դա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը, «Սասնա Ծռերը», թե՝ մեկ այլ ուժ: Միայն ընտրությունների արդյունքները կարող են ցույց տալ, թե ով կլինի ընդդիմություն և ով՝ իշխանություն»:
Դիտարկմանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող կուսակցությունները մաշել են իրենց վստահության քվեն, և այս պահին վստահության բարձր քվե ունի միայն ՔՊԿ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արդյո՞ք չի կարելի ասել, որ այս խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի են ունենում ընտրության բացակայության պայմաններում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ թեև կան շատ հարցեր, բայց նոր Ազգային Ժողով ձևավորելը մեզ օդի նման անհրաժեշտ է. «Բազմակուսակցություն ունենալու համար պետք է ազատվել հին և մաշված քաղաքական էլիտայից: Ճիշտ է, որ այս ԱԺ-ում գերիշխող ուժը կլինի Քաղաքացիական Պայմանագիրը, բայց բուն կուսակցական համակարգի ձևավորումը կլինի մի փոքր ուշ»,-ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի ժամկետների մասին հայտնել է «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում: «Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է նա: Իսկ այսօր ուղիղ եթերում նա արդեն հրաժարական տվեց։