Շարմազանովը Փաշինյանին սատարող ՀՀԿ-ականներին 3 հարց ունի
Ինչպես արդեն գիտենք ՀՀԿ 18 պատգամավորներ նախօրեին հայտարարություն տարածեցին, որ կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն։
Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գնահատելով իր գործընկերների այս քայլը, նշեց, որ իր համար առավել անհասկանալի է եղել այն մարդկանց կարծիքը, ովքեր նախկինում քննադատում էին Նիկոլ Փաշինյանին, և հանկարծ կանգնում ասում են՝ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է, և իրենք պետք է նրան սատարեն։
«Ես հիմա այդ մարդկանց երեք հարց եմ տալիս. եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է և պետք է իրեն սատարել, կարծում են, որ ազնի՞վ է, երբ հայտարարում էր, որ Հայաստանն ավտորիտար երկիր է եղել։ Եթե երկիրն ավտորիտար է եղել, ապա այդ մարդիկ այդ ավտորիտար երկրում պաշտոնյա են եղել, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, ազնի՞վ է: Երբ Փաշինյանն ասում է՝ ասֆալտին ենք փռելու, ընդունո՞ւմ է դա։ Եթե ընդունում են, խնդիր չկա։ Եթե մի գիշերվա մեջ մարդիկ վերագնահատեցին արժեքները, ես ասելիք չունեմ։ Սա է խնդիրը։ Կան մարդիկ, որոնք ոչ մի բան չեն խոսել, ոչ կուրծք են ծեծել, ոչ կռիվ են տվել, ես էլ դատավոր չեմ, որ էստեղ գնահատականներ տամ՝ ճիշտ են, սխալ են։ Մեկը լինի ինձ գնահատական տա։ Դրա մասին չի խոսքը։ Պարզապես ինձ համար հասկանալի չէ, որ մարդն առանց հիմնավորման սկսում է հայտարարել, թե Փաշինյանն ազնիվ է։ Բա եթե ազնիվ է, մայիսի 1-ին ինչու կողքը չէիք կանգնում, բա ինչո՞ւ էիք մարտի 1-ին ուրիշ ելույթ ունենում։ Այսինքն երբ Ազգային ժողովը պաշարված պահում է, դա ազնի՞վ է։ Երբ որ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանն ավտորիտար երկիր է, դա ազնվի՞վ է»,-ասաց ԱԺ փոխնախագահը։
Վերջինս ևս մեկ անգամ շեշտեց՝ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ որևէ խնդիր չունի. «Իհարկե, ես համամիտ չեմ Փաշինյանի ասածների հետ, բայց մարդը չի գալիս թաքուն ասում՝ կեցցե Սերժ Սարգսյանը կամ ՀՀԿ-ի ցավը տանեմ։ Բայց նախկին որոշ պաշտոնյաներ հանկարծ դրոշն առած փառաբանում են Փաշինյանին, այն Փաշինյանին, որը Հայաստանն անվանում է ավտորիտար։ Հիմա իրենք ընդունո՞ւմ են, որ իրենք այդ ավտորիտար ռեժիմի օրոք բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Ո՞նց կարելի է, որ մինչև X փուլ հարցազրույցներ ես տալիս, ասում ես՝ ոչ մի դեպքում Փաշինյանին չենք ընտրի, ինքը սխալ քաղաքականություն է վարում, իրավաչափ չի, մեկ էլ հոպ, մի օր արթնանում ենք, ասում է՝ Փաշինյանն ազնիվ է, լավն է։ Փաշինյանը միշտ նույն բանն է արել, եթե ազնիվ է, չի կարող մինչև X պահը անազնիվ լինի, հետո դառնալ ազնիվ։ Եթե ազնիվ է, մայիսի 1-ին, մայիսի 8-ին էլ պետք է ազնիվ լիներ»:
Շարմազանովը գտնում է, որ ամեն մեկն անում է այն, ինչ անում է։ «Նապոլեոնյան Ֆրանսիայի ամենախոշոր դիվանագետ Մորիս Թալեյրանը, որը Յակոբինյաններից մինչև Բուրբոններ միշտ աթոռի վրա է եղել, ինչպես ժողովուրդն է ասում՝ ով էշ, ինքը փալան, ասում էր՝ ժամանակին դավաճանելը դավաճանել չէ, դա կանխատեսել է նշանակում։ Այնպես որ, ինձ համար քաղաքականության մեջ ոչ մի անակնկալ բան չկա։ Յուրաքանչյուրն ազատ է իր կամքի մեջ, պարզապես եթե պետք է փառաբանեին Փաշինյանին, կարիք չկար մինչ այդ քննադատել, որ հիմա վատ դրության մեջ չհայտնվեին։ Բա որ հիմա նրանց հարցազրույցներն իրար կողքի դնեն, ոնց են պատասխանելու»,-ասաց նա։