23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանքավայրի շահագործումը պարունակում է անհամեմատ ավելի մեծ վտանգներ. Լ. Սարգսյան

Ներկայացնում ենք ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգմավոր Լյուդմիլա Սարգսյանի ելույթը այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

՛՛Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը ընդերքի անխնա շահագործումից գնալով էլ ավելի է խորանում: Այս միտումը վտանգավոր է ոչ միայն առողջապահական և սոցիալական առումներով, այլև երկրի տնտեսական անվտանգության տեսանկյունից, քանի որ հանքահումքի վրա նստած տնտեսությունը ոչ թե զարգացում է, այլ սպառում: Մենք ընդամենը վաճառում ենք մեր ազգային հարստությունը և դրա հաշվին ապրում: Ընդ որում, հանրությանը բաժին է հասնում մեզ պատկանող ռեսուրսների արժեքի ընդամենը մի չնչին մասը, իսկ գրեթե ողջ հարստությունը բաժին է հասնում աշխարհի տարբեր օֆշորային գոտիներում գրանցված ինչ-որ ընկերությունների, որոնց ետևում, ինչպես բազմիցս ապացուցվել է, կանգնած են շատ կոնկրետ պաշտոնյաներ: Այսինքն, տեղի է ունենում ժողովրդին պատկանող ունեցվածքի բացահայտ թալան, ինչը խրախուսվում է նաև արևմտյան գերտերությունների կողմից:

Մասնավորապես, այսօր Երևանի Մարիոթ հյուրանոցում տեղի է ունենում կոնֆերանս՝ ուղղված Հայաստանում հանքարդյունաբերության զարգացմանը: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Կանադայի դեսպանատները, Համաշխարհային բանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ հայրենի կառավարության հետ համատեղ կազմակերպում են ՛՛պատասխանատու հանքարդյունաբերություն՛՛ անվանումն ունեցող մի միջոցառում, և դա այն դեպքում, երբ այդ նույն երկրներին պատկանող ընկերությունները հայաստանում ամենաանպատասխանատու ձևով են շահագործում մեր հանքավայրերը: Շատ ավելի հեշտ կլիներ ոչ թե ինչ-որ մասնագետների հրավիրել և ամպագոռգոռ անվանումներով կոնֆերանսներ կազմակերպել, այլ պարզապես նրանց պարտավորեցնել բարեխղճորեն աշխատել: Սակայն հարցը միայն սրանով չի սահմանափակվում: Այս պետությունները մտադիր են ոչ միայն շարունակել, այլև ընդլայնել Հայաստանի ընդերքի շահագործումը՝ սպառնալիք ներկայացնելով մեր ազգային անվտանգությանը:

Խոսքը Ջերմուկ քաղաքին հարակից և Սևանա լճի ջրահավաք ավազանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին է, որի շահագործումը, մասնագետների եզրակացության համաձայն, կարող է հանգեցնել Սևանա լճի ռադիացիոն ֆոնի բարձրացմանը: Ամուլսարի նախագիծը վտանգում է նաև Ջերմուկ առողջարանային քաղաքի տնտեսկան զարգացման հեռանկարը, ինչպես նաև Ջերմուկի ջրերի որակը: Այս համատեքստում անհասկանալի է, թե ինչու՞ է անգլիական ինչ-որ օֆշորում գրանցված ընկերությունն այսքան ջանք գործադրում Ամուլսարին տիրանալու համար՝ հատկապես հաշվի առնելով, որ այդ հանքավայրը Հայաստանում ոսկու ամենաաղքատ պարունակությունն ունեցող հանքավայրերից մեկն է: Հանքավայրի շահագործումը պարունակում է անհամեմատ ավելի մեծ վտանգներ, քան դրա տված օգուտները:

Իրավուն ունեմ կասկածելու, որ այս նախագծի քողի տակ մեկ այլ բան է նախատեսվում իրականացնել: Ակնհայտ է, որ արևմտյան տերությունները մտահոգված են նաև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հնարավոր հեռանկարից, որն էապս բարդացնելու է նրանց գործունեությունը՝ հանքահումքի արտահանման հարցում, քանի որ արտահանման համար սահմանված այսօրվա՝ զրո դրամ մաքսատուրքի արժեքն ու վերահսկողության մակարդակը կարող է էապես վերանայվել: Վերջում ավելացնեմ, որ հանքարդյունաբերությունը չի կարող Հայաստանում լինել տնտեսության գերակա ճյուղ, և մեր ռեսուրսների գերշահագործմամբ զբաղվող ժողովրդավարական պետությունները ավելի լավ կանեն մեկ այլ կոնֆերանս կազմակերպել և պարզաբանել, թե ինչպե՞ս են ծախսվել այն հսկայական գումարները, որոնցով պարբերաբար սնուցել են Հայաստանի կոռումպացված իշխանություններին: Գուցե՞ դրանք հատկացվել են այն նպատակով, որպեսզի հետագայում հեշտությամբ տիրանան մեր հանրային ունեցվածքին՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ