Հայտնի են Բրիտանական ֆիլմերի փառատոնի մրցույթների հաղթողները
Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում անցկացված մրցույթը ամփոփվեց մարտի 25-ին:
Հաղթողների պարգեւատրման, ինչպես նաեւ փակման պաշտոնական արարողությունները տեղի ունեցան այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։
Լավագույն գրախոսականի մրցույթին, որը մեկնարկել էր մարտի 5-ին, հաղթող ճանաչվեց Րաֆֆի Մովսիսյանը։ Նրա ֆիլմի գրախոսականը՝ “Եսասեր հսկան” արժանացավ կինոքննադատների եւ կինոլրագրողների ասոցիացիայի անդամների ամենաբարձր գնահատակին։ Հաղթող մասնակիցը պարգեւատրվեց Apple iPad պլանշետով, իսկ եւս երկու մասնակից արժանացան հատուկ մրցանակների: Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել էր 32 աշխատանք։
“Լավագույն գրախոսականի մրցույթի նպատակներից է ոչ միայն քաջալերել մարդկանց դիտելու եւ խորհելու ֆիլմերում բարձրացրած հարցերի շուրջ, այլեւ նպաստել Հայաստանում գրախոսականի արվեստի զարգացմանը: Եվ մեզ համար ոգեւորիչ է ստանալ նման որակի աշխատանքներ”,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
“Մեզ հետ, մեր կողքին” ֆոտոմրցույթը, որին ներկայացված լուսանկարները տեղադրված էին Բրիտանական խորհրդի ֆեյսբուքյան էջում, նվիրված էր հասարակությունում առկա ներառական խնդիրներին։ Մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել էր 58 լուսանկար: Լուսանկարչական ոլորտի մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովն Արմեն Անմեղիկյանի` միասնական եւ ներառական հասարակություն խորհրդանշող լուսանկարը ճանաչեց լավագույնը:
Հանձնաժողովի բարձր գնահատականին արժանացան եւս վեց մասնակիցների աշխատանքներ: Արմեն Անմեղիկյանը պարգեւատրվեցլ ուսանկարչական ապարատով, իսկ մյուս մասնակիցներն արժանացան խրախուսական մրցանակների։
“Փառատոնի շրջանակում կազմակեպված մրցույթները եւս մեկ հնարավորություն են արվեստի միջոցով մարդկանց ուշադրությունը սեւեռել մեր կողքին ապրող խոցելի խմբերի անդամներին եւ օգնության ձեռք մեկնել նրանց։ “ԱրմենՏել” ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, համոզված եմ, որ համատեղ ջանքերի եւ մեր աջակցության շնորհիվ մենք կկարողանանք օգնել մարդկանց դարձնել կյանքն ավելի լավը”,- ասաց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ներառական եւ հաղորդակցության խնդիրներն առաջնահերթ կարեւորություն ունեն նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար: Ինչպես նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ հանրային ոլորտի գործընկերները կմեկնարկեն ներառական կրթության թեմային նվիրված հանրային իրազեկման արշավ: Ներառական միջավայրն անհրաժեշտ պայման է բոլոր երեխաներին եւ երիտասարդներին արդյունավետ ուսուցում կազմակերպելու համար՝ անկախ իրենց կարողություններից: Հաշմանդամություն ունեցող երեխաներ նունեն նույն իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ինչպես մյուս երեխաները:
Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է փետրվարի 22-ին։ Փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Փառատոնի գլխավոր հովանավորն է “ԱրմենՏել” ընկերությունը։