ԱԳ նախարարն ընդունեց Շվեդիայի միգրացիոն եւ ապաստանի քաղաքականության հարցերով նախարարին
Սեպտեմբերի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի միգրացիայի եւ ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրյոմին, ով Երեւան է ժամանել մասնակցելու “Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը` ամրապնդելու միգրացիոն կառավարումը Հայաստանում” ծրագրի մեկնարկը ազդարարող համաժողովին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Շվեդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Նախարարը նաեւ հավելեց, որ պարբերական հանդիպումները իր շվեդ գործընկերոջ` Կարլ Բիլդտի հետ հնարավորություն են ընձեռում ապահովել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության պարբերականությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Բիլսթրյոմը նույնպես նշեց, որ Շվեդիան դիտարկում է Հայաստանը որպես կարեւոր գործընկեր եւ գոհունակություն հայտնեց երկկողմ ակտիվ զարգացող փոխգործակցության առնչությամբ եւ ընդգծեց, որ իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կխթանեն համագործակցությունը նաեւ միգրացիոն բնագավառում:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը, ինչպես ԵՄ կառույցների, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը միգրացիայի բնագավառում:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանի եւ ԵՄ միջեւ Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագրի դրույթների իրագործմանը, ինչպես նաեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին: