23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախկին ավտորիտարիզմի և ներկա ժողովրդավարության մասին խոսելը ավելի շատ զվարճալի է, քան՝ տպավորիչ. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ  եթե արտաքին քաղաքական ու մասնավորապես Արցախի ինքնորոշման պաշտպանության և Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության քննադատության հարցում համամիտ է Փաշինյանի հետ, ապա ներքաղաքական կյանքի և զարգացումների հետ, մեղմ ասած, համամիտ չէ:

«ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Փաշինյանը Հայաստանի նախկին իշխանություններին ո՛չ ավել, ո՛չ պակաս անվանեց ավտորիտար ռեժիմ: Դա շատ տարօրինակ է: Բա մեկը չկա՞ր՝ ասեր պարո՛ն, այդ  ավտորիտար ռեժիմի կառուցման շրջանում Դուք և Ձեր կողմնակիցները ԱԺ պատգամավոր եք ընտրվել: Ինչպե՞ս եք ընտրվել: Ինչպե՞ս է ավտորիտար ռեժիմը թույլ տվել ձեր ընտրվելը»,-ասաց Շարմազանովը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի Նյույորքյան ելույթի մասին, որտեղ նա շարունակում է առաջ տանել արտահերթ խորհրդարանական ընտրության հարցը, Շարմազանովը փաստեց. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Երևանի բնակչության 57 տոկոսը Ձեր նախաձեռնությանը ասաց ո՛չ՝  չմասնակցելով այդ ընտրությանը: Իսկ սիրո և համերաշխության մասին խոսելը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից, առավել քան զվարճալի էր, հաշվի առնելով Ձեր կոչերը՝ խելքները գլուխները հավաքելու, ԱԱԾ-ով սպառնալու, ասֆալտին պառկեցնելու և պատերին «ծեփելու» կոչերի ֆոնին»:

Մեր հարցին, արդյո՞ք  դրական որևէ բան չկար վարչապետի ելույթում, ԱԺ փոխնախագահը նկատեց, թե Փաշինյանի երկու լեզվով ելույթը իսկապես տպավորիչ էր. «Արցախի շահերի պաշտպանության հետ մեկտեղ տպավորիչ էր երկու լեզվով ելույթը, բայց կրկնակի զվարճալի էր սիրո և համերաշխության գաղափարի խեղաթյուրումը՝ այդ բարձր ամբիոնից,-ասաց Շարմազանովը` ավելացնելով,-հետևաբար, թե՛ նախկին ավտորիտարիզմից խոսելը և թե՛ պնդումները ներկա համերաշխության ու ժողովրդավարության մասին ավելի շատ զվարճալի են, քան՝ տպավորիչ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ