17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին

ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի  17-ին  Ժնեւում մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը:

Առավոտյան  տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստը, որից հետո աշխատանքները սկսեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին  մասնակցում էին շուրջ 150 երկրների խորհրդարանական պատվիրակություններ:

 Առաջին նիստի թեման էր` ՙՄիջխորհրդարանական միության  125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը՚:

Դիմելով ներկաներին` ելույթով հանդես եկավ  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

ՙԽոսքս ցանկանում եմ սկսել` շնորհավորելով մեզ բոլորիս հիշարժան տարեդարձի առթիվ: Այս տարի լրանում է Միջխորհրդարանական միության ստեղծման 125-ամյակը` կազմակերպություն, որն իր գոյության առաջին իսկ օրվանից հավատարիմ է իր իսկ հռչակած սկզբունքներին` խաղաղություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ և ժողովրդավարություն: Սրանք այն գաղափարներն են, որոնք մշտապես գտնվել ու գտնվում են Միջխորհրդարանական միության ուշադրության կենտրոնում և դարձել են նրա հիմնասյուները:

1997թ. ընդունված ՙԺողովրդավարության մասին՚ համընդհանուր հռչակագրում ասվում է. ՙժողովրդավարացման գործընթացն ու ներկայացուցչական հաստատությունները խաղաղության և ժողովրդավարության հաստատման լավագույն միջոցներն են: Միջխորհրդարանական միությունը խթանում է համայն աշխարհում ներկայացուցչական կառավարման բազմակարծ համակարգերի հաստատումը՚:

Միջխորհրդարանական միության գործունեության մեջ առանձնահատուկ տեղ ունեն հասարակության ամենախոցելի շերտերի` կանանց ու երեխաների հիմնախնդիրները, մասնավորապես, պատերազմի և հակամարտությունների ժամանակ, միգրանտների, բնապահպանական և բազմաթիվ այլ գլոբալ հարցերին նվիրված քննարկումները: Միջխորհրդարանական միությունն այն եզակի կազմակերպություններից է, որը զբաղվում է  նաև պատգամավորների իրավունքների պաշտպանությամբ և հատուկ այդ նպատակով ստեղծել է առանձին հանձնաժողով:

Կազմակերպությունը ժամանակին է արձագանքել  միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերներին` լինի դա համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, անվտանգության հետ կապված հարցեր, թե առանձին պետություններում ստեղծված իրավիճակներ` իր նպաստը բերելով վերոնշյալ հարցերի քննարկմանն ու առաջարկվող լուծումներին:

Խաղաղությունն ու ժողովրդավարությունը ընկած են նաև մեր երկրի` Հայաստանի  Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության հիմքում: Արդեն մի քանի տարի է, ինչ մեր երկրում տեղի են ունենում բարեփոխումներ, որոնք միտված են ժողովրդավարական, քաղաքացիական  հասարակության կայացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս համատեքստում կցանկանայի նշել երեք տարի առաջ Միջխորհրդարանական միության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցությամբ Հայաստանի Հանրապետությունում  տեղի ունեցած երեխաների իրավունքներին նվիրված առաջին տարածաշրջանային համաժողովը: Երևանը պատրաստ է հյուրընկալելու  միջխորհրդարանական այլ կարևոր միջոցառումներ ևս: Հուսով եմ, որ նորընտիր գլխավոր քարտուղարն այս հարցը կպահի իր ուշադրության կենտրոնում:

ՀՀ Ազգային ժողովում մեծ ուշադրություն է դարձվում քաղաքացիական հասարակության զարգացմանը: Մեր խորհրդարանը դարձել է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի համար բազմակարծության ամբիոն: Այդ նպատակով խորհրդարանում տեղի են ունենում խորհրդարանական լսումներ, ստեղծվում հատուկ` ժամանակավոր հանձնաժողովներ, որտեղ և իշխանության, և ընդդիմության, և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում են մեր հասարակությանը հուզող խնդիրներ:  Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ այն խորհրդարանները, որոնք հաջողությամբ հարաբերվում են քաղաքացիական հասարակության հետ, ավելի արդյունավետ են գործում: Հետամուտ լինելով այս մոտեցմանը` Հայաստանի Ազգային ժողովը գործնականում կիրառում է այդ սկզբունքը` ակտիվորեն ներգրավելով քաղաքացիական հասարակության լայն շրջանակներին:

Անդրադառնալով կազմակերպության և մեր այսօրվա օրակարգի կարևորագույն հարցերից մեկին և բոլորիս համար մեծագույն արժեք հանդիսացող խաղաղությանը` ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցի վրա:

Ձեզանից շատերը, անշուշտ, տեղյակ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա լուծման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի մասին: Այդ նպատակով արդեն 20 տարի է, ինչ միջազգային մանդատով գործում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Խմբի համանախագահները` ի դեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի, աշխատում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների շրջանակներում` ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, ինչը ենթադրում է հարցի փոխզիջումային լուծում:

Ցավոք, Ադրբեջանը նախապատվությունը տալիս է վերոնշյալ սկզբունքներից միայն մեկին` տարածքային ամբողջականությանը: Այդօրինակ մոտեցումը հակասում է խաղաղ կարգավորման գաղափարին և փակուղի մտցնում ամբողջ բանակցային գործընթացը: Ավելին, Բաքվից ամենաբարձր մակարդակով հաճախակի հնչող ռազմատենչ հռետորաբանությունը չի նպաստում ոչ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ոչ էլ կայունության ամրապնդմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը  տարածաշրջանում` ի չիք դարձնելով միջազգային հանրության ջանքերը:

Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների` ԼՂՀ և ՀՀ ղեկավարությունը և ժողովուրդը հավատարիմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հարցի խաղաղ լուծմանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն կայացած պետություն է, որի ժողովուրդը անցկացրել է մի քանի խորհրդարանական, նախագահական և ՏԻՄ ընտրություններ, որոնք միջազգային դիտորդների կողմից  գնահատվել են որպես ազատ ու արդար: ԼՂՀ-ում ձևավորվում է ժողովրդավարական հասարակություն, իրականացվում են լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ,  մեծանում է երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում իր հայրենիքը` Ղարաբաղը, Ադրբեջանի կազմում:

 Հարգելի գործընկերներ, ժողովրդավարությունը հարատև չէ առանց ժողովրդավարական մշակույթի: Այն պահանջում է հասարակության շարունակական կրթություն, որի հիմնական պատասխանատվությունն ընկած է  քաղաքական էլիտայի վրա: Մենք` պատգամավորներս, լինելով ժողովրդի ընտրյալներ, պարտավոր ենք աշխատել հանուն ժողովրդավարության խորացման, որովհետև դա պետականության ամրապնդման, երկրի զարգացման և հասարակության համար ավելի բարեկեցիկ ապագա երաշխավորելու միակ ճանապարհն է՚:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ