Հայրենիքը բոլորինս է. Հերիք է բաժանվենք Հանրապետականի և Նիկոլականի. բոլշևիկի և դաշնակցականի, ՀՀՇ-ի և ԱԺՄ-ականի. Է. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ վերջին զարգացումները, և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի ԱԳՆ-ների հրապարակային հայտարարություններն ու փոքրիկ փոխհրաձգությունը, ինչպես նաև ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները ակնհայտ են դարձնում, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջան չեն ապրում:
«Մենք Ռուսաստանի հետ դաշնակից ենք նախ և առաջ մեր պետական շահի սպասարկման անհրաժեշտությունից ելնելով: Այսօր ավելի քան երբևէ պետք է զգոն լինել և գիտակցել, որ ՕԴԿԲ-ն մեզ համար այլընտրանք չունի: Ո՛չ ՆԱՏՕ-ն և ո՛չ որևէ այլ ձևաչափ, չեն կարող արդյունավետ փոխարինել ՕԴԿԲ-ին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահը:
Մարտահրավերների մասին խոսելով, Շարմազանովն ընդգծեց. «Անվտանգությունն ու Արցախի խնդրի հայանպաստ լուծումը. սա է մեր գլխավոր մարտահրավերը: Ինչպես կասեր Ջոն Քեննեդին, եթե ներքաղաքական սխալների պատճառով մենք պարտվում ենք ընտրությունները, ապա արտաքին քաղաքական սխալները պետությանը կարող են տանել դեպի անդունդ»:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ժամանակն է գիտակցել՝ որն է ամենաառաջնայինը: «ՀՀ-ի համար ամենաառաջնայինը արտաքին անվտանգության մարտահրավերն է, իսկ սպառնալիքը՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Հերիք է մենք մեր մեջ ներքին թշնամի փնտրենք: Հերիք է բաժանվենք բոլշևիկի և դաշնակցականի, ՀՀՇ-ի, ԱԺՄ-ականի, Հանրապետականի, Նիկոլականի: Հերի՛ք է: Հայրենիքը բոլորինս է: Ամեն ինչ թողեք պատմությանը. Նա բոլորիս մեր տեղը կհատկացնի, եթե իհարկե հիշի»,-իր խոսքի վերջում ասաց նա: