ՀՀ պաշտպանության նախարարի հերթական աշխատանքային շրջայցը
Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել զինված ուժերի մի քանի զորամասեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, վարչությունների պետեր։
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զորամասերի անձնակազմի հետ, ծանոթացել զորամասերի բարոյահոգեբանական մթնոլորտին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և առօրյային։ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է նաև զորամասերում իրականացվող կապիտալ շինարարական աշխատանքներին։
Զինված ուժերի զորամասերից մեկում, անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանը տեղում ստուգելու նպատակով, Սեյրան Օհանյանն անակնկալ ուսումնական տագնապ է հայտարարել և անձամբ հետևել անձնակազմի գործողություններին։ Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր վիճակի։ Սահմանված կարգի համաձայն` զինծառայողները ստացել են ամրակցված զենքերը, դուրս են բերել ավտոմոբիլային և մարտական տեխնիկան, առաջադրված տեղանքում բացազատվել են մարտական միավորները։
ՀՀ ԶՈւ ավիացիոն զորամասերից մեկում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետևել է իրականացվող լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, ստուգել է զորամասում առկա ավիացիոն սարքավորումների, սպառազինության ու ռազմական տեխնիկայի վիճակը, ծանոթացել է ավիացիոն նոր վարժասարքի հնարավորություններին:
Առաջադրված խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել շրջայցի ծրագրում ընդգրկված զորամասերի հրամանատարական կազմին: