18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանի արածն անուրանալի է

Մեր հարցերին պատասխանում է՝  ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը:

– Պարո′ն Մկրտչյան, Սպարապետի ծննդյան օրը ԵԿՄ-ն մեծ շուքով նշեց: Վերլուծություն արվե՞լ է: Ընդհանուր արդյունքները գոհացուցի՞չ են:

– Նախ նշեմ, որ Սպարապետի ծննդյան օրը պաշտոնապես ընդգրկված է ԵԿՄ տոնացույցում: Ու քանի որ այդ թեմայով ենք խոսելու, մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ժողովրդին  պետական և ազգային գործիչ  Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ:

Մարտի 5-ը ողջ Հայաստանի տարածքում տոնական է եղել երկրապահների համար, կարծում եմ` բոլոր հայրենասեր հայերի համար, հայ ժողովրդի համար: Միջոցառումներ անցկացվել են բոլոր մարզերում, բոլոր տարածքներում: Չէին կարող բոլոր ցանկացողները մասնակցել Երեւանում անցկացված հիմնական միջոցառմանը: Այս միջոցառմանը բոլոր ցանկացողների 10 տոկոսն է մասնակցել: Մյուսներից ներողություն խնդրեցինք եւ բացատրեցինք, որ Եռաբլուրի հրապարակը չի կարող այդքան մարդ տեղավորել:

Հանրապետության բոլոր բնակավայրերում են միջոցառումներ կայացել` Գյումրիում, Նոյեմբերյանում, Արցախում, մինչեւ անգամ Սփյուռքում են տոնական միջոցառումներ անցկացվել: Իսկ Եռաբլուրում տեղի է ունեցել “Պատանի երկրապահ” ստորաբաժանման նորագիրների երդման արարողությունը:

Այս արարողությունն արդեն 15 տարի է` անցկացվում է, բայց 5-րդ տարին է, որ ԵԿՄ վարչության նախագահ, Զորավար Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ այդ արարողությունն անցկացվում է Սպարապետի ծննդյան օրը: Մարտի 5-ին Եռաբլուրում երդման արարողությանը 3 000 պատանի է մասնակցել ողջ Հանրապետության տարածքից` Մեղրիից, Տավուշից, Արցախից, ազատագրված Քարվաճառից ու Քաշաթաղից:

Մեր  շնորհակալությունն ենք հայտնում պաշտպանության նախարարին, մարզպետներին, քաղաքապետերին, որ այս հարցում աջակցեցին մեզ, կազմակերպեցին երեխաների տեղափոխումը, նաեւ բոլոր մարզերում պատանիների, երիտասարդների եւ տարեց երկրապահների համար տոնական միջոցառումներ, տոնական ճաշկերույթներ կազմակերպեցին:

– Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ֆիզիկոսների շենքը փոխանցվեց ԵԿՄ հաշվեկշիռ, ինչը առանձին շրջանակներում դժգոհության պատճառ դարձավ: Ի՞նչ նպատակով եք տարածքներ վերցնում:

– Այդ թեմային պատվերով անդրադարձող մի լրագրող, որ ակնհայտ խեղաթյուրում էր փաստերը, Զորավար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին որպես գեներալ-մայոր էր ներկայացրել: Անհարմար է` նույնիսկ մարդուն չեն ճանաչում, անցած ուղին չգիտեն, կոչումն ու պաշտոնը չգիտեն, բայց ցանկանում են տվյալ ոլորտին վերաբերող նյութեր պատրաստել: Հիմա բուն խնդրի մասին:

Տարածքը երկրապահը 10 տարի օգտագործում էր: Շնորհակալություն ֆիզիկոսներին, որ հատկացնում էին տարածքը: Այդ տարածքում գործում է զոհվածների, անհայտ կորածների, ազատամարտի մասնակիցների փառքի թանգարան, կա տեղադրված հուշարձան, գործում են պատանի եւ երիտասարդ երկրապահների ուսուցման դասասենյակներ:

Երկրապահը հո տարածքներ չի  վերցնում, որ ռեստորան կամ խանութ կառուցի: Բոլոր բաժանմունքներում կան թանգարաններ, պատկերասրահներ, որոնցում ներկայացված են տվյալ տարածքից Արցախյան հերոսամարտի մասնակիցների նկարները, իրերը, կենսագրությունները եւ այլն:

Դուք առաջարկում եք պատմությունը մոռանա՞լ, մոռանա՞լ այն քաջերին, ում շնորհիվ հաղթել ենք ռազմատենչ ոսոխին եւ խաղաղություն պարտադրել: Պատանի երկրապահները սովորում են մարտարվեստ, զենքին տիրապետել, հայրենաճանաչողություն, դաստիարակվում են զոհվածների, անհայտ կորածների պատվին կանգնեցված հուշարձաններ, սահմանամերձ բնակավայրեր այցելություններով:

Կառույցները գործում են բոլոր մարզերում եւ Արցախում: Անգամ ազատագրված տարածքներում պատանի երկրապահի կառույցներ ունենք: Բա Հայաստանի վաղվա օրվա մասին չմտածե՞նք:

Չկրթե՞նք, չդաստիարակե՞նք այս երեխաներին: Գիտե՞ք զոհվածների հարազատների ընտանիքներից տարածքն օրինականացնելու քանի դիմում եւ խնդրագիր  ունեինք եւ քանի շնորհակալագիր ունենք, որ վերջապես խնդիրը կարգավորվել է: Շարքերը, կառույցը, զոհվածների հարազատները դիմել էին Զորավարին, Զորավարն էլ` ՀՀ նախագահին: Փառք Աստծո, որ հարցը կարգավորվեց:

Այդ տարածքը անհատինը չէ, ԵԿՄ-ինն է, զոհվածներինն է, զոհվածների հարազատներինն է: ԵԿՄ-ն այսօր ողջ Հանրապետությունում զբաղեցրած տարածքներն օրինականացնելու գործընթացում է: Օրինականացնում ենք, նաեւ նոր շինարարություն ենք իրականացնելու, ընդլայնելու ենք տարածքները, նորոգելու, կահավորելու ենք:

Դա մեր պարտքն է: Բոլոր այդ տարածքներում թանգարաններ ու պատկերասրահներ են, հուշարձաններ, պատանի, երիտասարդ երկրապահների ուսուցման կենտրոններ, բաժանմունքներ, որոնցում մեր պատասխանատուները զբաղվում են զոհված, անհայտ կորած, հաշմանդամ եւ ԵԿՄ անդամ ազատամարտիկների սոցիալական, իրավական, բարոյական աջակցման խնդիրներով, պատանիների, երիտասարդների դաստիարակությամբ:

Ներողություն ենք խնդրում երկրապահներից, զոհվածների հարազատներից, որ միանգամից չենք կարող բոլոր տարածքների հարցը լուծել, բայց մենք խոստանում ենք, որ թանգարանները, հուշարձանները, պատկերասրահները լինելու են բոլոր տարածքներում, բոլոր բաժանմունքներում:

Կա ԵԿՄ վարչության նախագահի խիստ հրահանգը, որ զոհվածներին նվիրված անկյուններ, մերօրյա հաղթանակի հերոսների Փառքի սրահներ լինեն բոլոր տարածքներում: Օգտվելով առիթից` ես շնորհակալություն պետք է հայտնեմ Հայաստանի Հանրապետության նախագահին, կառավարությանը, Ազգային Ժողովին, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, որ նմանատիպ հարցերում մշտապես աջակցում են ԵԿՄ-ին, շատ արագ արձագանքում եւ դրական լուծում են տալիս մեր դիմումներին:

Հատկապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անուրանալի աջակցություն է մեզ ցուցաբերում: որովհետև շատ լավ է պատկերացնում երկրապահի դարդ ու ցավը, քաջատեղյակ է ազատամարտիկների խնդիրներին:

– Համագումարն անցկացրիք: Իսկ ինչո՞վ է զբաղվելու ԵԿՄ-ն գալիք երկու տարվա ընթացքում՝ մինչ հաջորդ համագումար:

– Աշխատանքները շատ են: Զոհված, անհայտ կորած, հաշմանդամ եւ ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքները բազում խնդիրներ ունեն: Այդ խավին սատարելը մեր սրբազան պարտականությունն է: Պատանիների եւ երիտասարդների հետ տարվող աշխատանքները եւս ծավալուն են, շարունակական:

Թեպետ այս կառույցները միշտ էլ աչքի են ընկել նվիրվածությամբ, պատրաստվածությամբ, սակայն, այսօր արդեն պատանիների հետ աշխատանքներում ընդգրկել ենք նորանոր կադրերի՝ սկսած բանակում ծառայող գեներալներից:

ԵԿՄ վարչության նախագահ Զորավար Մ. Գրիգորյանի  կարգադրությամբ վարչության կազմից ձեւավորվել է նախագահություն: Զորավարի կարգադրությամբ նաեւ 15 աշխատանքային հանձնաժողով ձեւավորվեց:

Հանձնաժողովներում ընդգրկված են վարչության բոլոր անդամները, ԵԿՄ անդամներ, բաժանմունքների ներկայացուցիչներ, մասնագետներ: Հիմա արդեն տարածքային եւ մարզային ստորաբաժանումներն են հաշվետու ժողովներ անցկացվում, նշանակվում են մարզային կառույցների պատասխանատուներն ու ընտրվում են տարածքային բաժանմունքների ղեկավար կազմերը: Մեր կառույցները տեղերում եւս գործակցում են տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, զորամասերի հետ:

Եվ վերջապես նշեմ, որ մարտի 5-ի միջոցառումներով մեկնարկեց մեր ամենամյա ուխտագնացությունը: Ուխտագնացությունը շարունակվելու է ողջ տարվա ընթացքում: լինելու ենք բոլոր մարզերում, բոլոր սահմանամերձ բնակավայրերում՝ Սյունիք, Արցախ, Տավուշ, Վայք՝ ամենուր:

Հազարավոր երկրապահներ՝ վետերաններ, երիտասարդներ, պատանիներ, մտավորականներ, օրենսդիր եւ գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, այցելելու են զոհված, անհայտ կորած տղաների պատվին կանգնեցված հուշարձաններ, հանդիպելու են սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը: Ոգեւորելու, գոտեպնդելու ենք սահմանի բնակչին:

Դա երաշխիք է լինելու, որ սահմանի բնակիչը վստահը լինի, որ դժվարին պահին ինքը մենակ չի լինելու, միշտ զգալու է Երկրապահի աջակցությունը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ