03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստան-Սփյուռք փոփոխվող փոխհարաբերությունները

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն անցյալ տարվա դեկտեմբերին մի խումբ մասնագետների և վերլուծաբանների հրավիրել էր Երևան քննարկելու Սփյուռքի փոփոխվող դերը Հայրենիքի նկատմամբ:

՛՛Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք՛՛ խորագրով կլոր սեղան-քննարկման մասնակիցները եկել էին Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Լիբանանից և Հայաստանից:   

Քննարկումը նվիրված էր Սփյուռքի ձևավորումներին, առկա մարտահրավերներին, Հայաստան-Սփյուռք գործակցությանը, Հայաստանի և Սփյուռքի միջև առավել սերտ համագործակցության կատարելագործմանը, աշխատանքի նոր ձևերի և միջոցների  փնտրտուքին ու հեռանկարներին: 

Ստորև ներկայացնում եմ հատվածներ հանդիպման ժամանակ իմ ունեցած ելույթից. Հայաստանի անկախացումից հետո Սփյուռքը կանգնեց բոլորովին մի նոր կացության առջև: Շատ սփյուռքահայեր անակնկալի եկան ազատ Հայաստանի վաղեմի բաղձալի երազանքի հանկարծակի իրականացումից: Նոր բառեր հայտնվեցին նրանց բառապաշարում. Արցախ, երկրաշարժ, շրջափակում, արձանագրություն, ընդիմություն, կոալիցիոն կառավարություն, իշխանափոխություն: 

Սփյուռքահայերի մեծ մասի համար շատ դժվար էր տարանջատել անհատի, համայնքի կամ կազմակերպության գործողությունները պետության իրավասություններից ու պարտավորություններից: 

Միաժամանակ, Հայաստանի նոր ղեկավարները լիովին չըմբռնեցին սփյուռքահայերի հայրենասիրական զգացումները, ցանկություններն ու իղձերը, ինչի հետևանքով անախորժ խրամատ առաջացավ երկու կողմերի միջև:

 Հարցն ավելի բարդ է, քանի որ Սփյուռքը միաձույլ գոյություն չէ, այլ կազմված է բազմաթիվ և բազմատեսակ սփյուռքներից,  յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները` հաստատվելով և ապրելով տարբեր ժամանակշրջաններում, օտար երկրներում և գոյատևելով տարբեր լեզվամշակութային ազդեցությունների տակ: 

Երբ Հայաստանում լրագրողներն ինձ հարցնում են այս կամ այն հարցի վերաբերյալ Սփյուռքի տեսակետների մասին, ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Ինչպե՞ս կարող է որևէ մեկն ընդհանրական ներկայացնել յոթ միլիոն սփյուռքահայերի բազմաբնույթ տեսակետները:

Սփյուռքի մեծամասնության կարծիքն արտացոլելու համար պետք է կազմակերպել համահայկական մի կառույց կամ ընդլայնել ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի գործառույթները հանգանակությունից անդին կամ էլ ստեղծել բոլորովին նոր կառույց, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս ամբողջ աշխարհի հայությանը` ՛՛մեկ հայ, մեկ քվե՛՛ սկզբունքի հիման վրա:

Այս ձևով ընտրված ներկայացուցիչներն իրավասու կլինեն խոսել սփյուռքահայերի անունից և պարբերաբար հանդիպումներ ունենալ Հայաստանի ու Արցախի ղեկավարությունների հետ` ճշտելու համազգային առաջնահերթությունները և խորհրդակցելու խնդրահարույց հարցերի շուրջ: 

Հայ ժողովրդի բոլոր երեք թևերի (Հայաստան, Արցախ և Սփյուռք) ղեկավարները կարող են այնուհետև քննարկել իրենց դիրքորոշումները և համաձայնել դերերի բաժանմանը:

Այսպիսի քաղաքակիրթ և ազգային շահերից բխող մոտեցումն ավելի նախընտրելի է, քան հարատև ներքին պայքարներն ու բախումները,  որոնք երբեմն տեղ են գտնում, ինչպես դա եղավ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ: 

Նախընտրելի է, որ Հայաստանի իշխանություններն ավելի նրբանկատ լինեն սփյուռքահայերին հուզող կարևոր հարցերի նկատմամբ և խորհրդակցեն նրանց հետ նախքան այդ հարցերի շուրջ վերջնական որոշումներ կայացնելը: 

Հասկանալի է, անշուշտ, որ Հայաստանի ղեկավարները պարտավոր չեն ընդունել որևէ մեկի հրահանգները երկրի սահմաններից դուրս: Միաժամանակ, բոլոր հարցերի շուրջ վերջնական որոշում կայացնելիս, այնուամենայնիվ նրանք բարոյական և ազգային պարտավորություն ունեն` նկատի ունենալու սփյուռքահայ գլխավոր կազմակերպությունների դիրքորոշումը` Սփյուռքի ընտրովի կառույցի բացակայության պայմաններում:

Ամեն դեպքում, Հայաստանի իշխանությունները պատասխանատու են ազգի առաջ իրենց ընդունած որոշումների համար: Նրանք կգնահատվեն, երբ ճիշտ որոշումներ կկայացնեն և կքննադատվեն սխալներ գործելիս: 

Պետք է նշել, որ Սփյուռքի ընտրովի կառույցի ստեղծումը, թեև խիստ դժվար իրագործելի է, սակայն շատ ավելի ընդգրկուն և ներկայացուցչական է, քան թե նշանակովի մարմինները կամ կազմակերպությունները, չնայած նրանց ազգանվեր աշխատանքին, որոնք ներկայացնում են սոսկ իրենց անդամներին:

Անհրաժեշտ է ներգրավել մեր ժողովրդի լայն խավերին, որպեսզի ավելի արդյունավետ դառնան մեր ազգային աշխատանքները, մանավանդ այս օրերին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան կազմակերպում են իրենց սփյուռքները և տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսում խոչընդոտելու համար մեր արդար պահանջները Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին:  Ինչպես հաճախ սիրում ենք կրկնել` ՛՛Ադրբեջանը նավթ ունի, Վրաստանը` ծով, իսկ Հայաստանը` Սփյուռք՛՛:

Սակայն, անկազմակերպ և հետզհետե հյուծվող Սփյուռքը շատ քիչ արժեք կներկայացնի մեր ազգային հարցերում և ոչ կարող է ինքն իրեն պահել և գոյատևել, ոչ էլ օգտակար լինել Հայրենիքին: Բոլորս պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի հզոր Հայրենիք և ուժեղ Սփյուռք ունենանք: 

Դրանցից յուրաքանչյուրի գոյությունն ու գոյատևումը կախված է մյուսի կենսունակությունից: Չնայած Սփյուռքի նախարարության արդյունավետությանը` պետք է գիտակցենք, որ անհրաժեշտ աշխատանքն այնքան վիթխարի է, որ այն դուրս է գալիս մեկ նախարարության կարողությունների շրջանակից:

Խիստ պահանջ կա Հայաստանի ողջ ղեկավարության և ժողովրդի մասնակցության և աջակցության համար, որպեսզի սփյուռքահայերը զգան Հայրենիքի հետաքրքրությունը և հոգատարությունը իրենց հանդեպ:  

Հարութ Սասունյան ՛՛Կալիֆորնիա Կուրիեր՛՛ թերթի հրատարակիչ եւ խմբագիր 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ