Ստորագրվել է հուշագիր
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 11-ին հրավիրվել է համատեղ խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բուհերի ռեկտորներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավար կազմը:
Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է ռազմական բուհերի կառուցողական համագործակցությունը բարձրագույն այլ կրթօջախների հետ եւ ընդգծել, որ ստեղծվել է մրցունակ ու միջազգային չափանիշներին համապատասխան ռազմակրթական համակարգ: “Հանդիսանալով ՀՀ կրթական համակարգի օրգանական կարեւոր տարրերից մեկը, ռազմակրթական համակարգը եւս անցավ կայացման ու զարգացման փուլեր, որի արդյունքում ձեւավորվեց եւ սկսեց հայրենական արժեհամակարգով դաստիարակված սպայական կադրերի պատրաստման կայուն գործընթացը:
Այն ճանապարհը, որ այլ պետությունների ռազմական բուհերն անցան 100 տարիների ընթացքում, մեր ռազմակրթական համակարգն անցավ շուրջ 10 տարվա ընթացքում եւ հասավ միջազգայնորեն մրցունակ աստիճանի: Դրա վկայությունն են, իհարկե, միջազգային խաղաղապահ առաքելությունների ընթացքում մեր սպայական կազմի գարծողությունները, որոնք միջազգային համապատասխան կառույցների բնութագրմամբ մրցունակ են եւ շատ դեպքերում օրինակելի: Մեր հաջողությունները պայմանավորված են եղել նաեւ քաղաքացիական բուհերի հետ արդյունավետ համագործակցությամբ, սակայն այսօր առաջ է եկել այդ համագործակցությանը նոր որակ եւ ընթացք տալու անհրաժեշտություն”,-նշել է Սեյրան Օհանյանը:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին ընդգծել է, որ պաշտպանության եւ կրթության նախարարությունների միջեւ համագործակցության մեծ փորձ է կուտակվել, եւ քաղաքացիական կրթության ոլորտում ձեռք բերված արդյունքները ռազմական կրթության եւ զինված ուժերի ոլորտում կիրառելու նոր հնարավորություններ են ստեղծվել:
Խորհրդակցության ընթացքում բուհերի ռեկտորները, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարները ներկայացրել են համատեղ կրթական ծրագեր իրականացնելու վերաբերյալ իրենց առաջարկները: Այս համատեքստում կարեւորվել է Երեւանի պետական բժշկական համալսարանում գործող ռազմական բժշկության ֆակուլտետի գործունեությունը, նշվել է, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը կարող է աջակցել զինված ուժերի համակարգին՝ պատրաստելով ռազմական թարգմանիչներ:
Համատեղ խորհրդակցությունն ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջեւ “Միջբուհական համագործակցություն” ծրագրի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությամբ: