“ԱԻՆ-911” գեղարվեստական նոր հեռուստաֆիլմաշար՝ Առաջին ալիքի եթերում
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/ain_1394457804.jpg)
Առաջին ալիքը հավատարիմ է իր խոստմանը եւ շարունակում է հեռուստադիտողներին ներկայանալ տեղական արտադրության կարճ ֆիլմաշարերով:
“Հատուկ բաժին”, “Մեր գյուղը”, “Շտապօգնություն 3D” հեռուստաֆիլմաշարերի շարքը համալրելու է եկել “ԱԻՆ-911”-ը, որի առաջին մասը Հանրայինի եթերում կլինի այսօր՝ 22:00-ին:
Նոր ֆիլմաշարը ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (աշխատակիցների, փրկարարների, առանձին գումարտակների ու ենթակայանի, ինչպես նաեւ ղեկավար անձնակազմի եւ ընդհանուր առմամբ ողջ անձնակազմի) աշխատանքի բարդ ու ծանր բնույթը:
Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաեւ աշխատակիցների ապրումներին եւ վերապրումներին, անձնական հոգեբանական խնդիրներին, ինչպես նաեւ միջանձնային հարաբերություններին:
Ընդհանուր առմամբ, փորձ է արվել ցույց տալու Արտակարգ իրավիճակների նախարարության ողջ համակարգի մանրամասնությունները, հանդիսատեսին ամենաշատը հետաքրքրող պահերը եւ, ամենակարեւորը, ֆիլմի գլխավոր հերոսների կերպարներով փորձ է արվում ցույց տալ այդ մարդկանց անձնվեր եւ հերոսական արարքները, նվիրվածությունն իրենց աշխատանքին եւ մարդկային բարձր հատկանիշները:
Ֆիլմաշարում բարձրացվում է նաեւ սոցիալական խնդիր, այն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը աշխատանքային ոլորտ: Ցույց է տրվում այն իրականությունը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ ոչ միայն կարող են աշխատունակ լինել, այլեւ ավելին՝ կարող են փրկել: (ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համազգեստների վրա գրվում է ՓՐԿԱՐԱՐ):
Սցենարն իրական դեպքերի հիման վրա է գրված: Բոլոր կերպարները մարմնավորել են դերասանները, բայց նրանց կողքին իսկական փրկարարներ են եղել, ովքեր ապահովել են թե´ դերասանների եւ թե´ նկարահանող խմբի անվտանգությունը:
Ֆիլմաշարն Առաջին ալիքի եթերում կլինի մարտի 10-ից՝ երկուշաբթիից հինգշաբթի 22:00-ին:
Ֆիլմի գլխավոր հերոսների դերակատարներն են
Անի Երանյան
Սուրեն Թումասյան
Սուրեն Փահլեւանյան
Համլետ Համբարձումյան
Անդրանիկ Ղազարյան
Արփինե Իսրայելյան
Ֆիլմի ռեժիսոր՝ Ելենա Արշակյան,
Սցենարի հեղինակ՝ Անահիտ Մխիթարյանը
Առաջին ալիքը Ձեզ հաճելի դիտում է մաղթում:
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին