Տապալվեց ՛՛մարտի մեկի՛՛ հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնությունը
Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյան: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց օրակարգը, ապա կազմակերպվեց ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ-ի հեղինակած նախագծի քվեարկությունը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք բաց են եւ կոչ արեց բոլորին կողմ քվեարկել այս նախագծին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով՝ ամենամեծ պատասխանատվությունն իրենց վրա է.
՛՛Նրանք, ովքեր կկարողանան շոուներ ստեղծել այս կամ այն հարցի վերաբերյալ, չի հաջողվի: Մենք քննարկել ենք ու եկել ենք եզրակացության՝ նպատակահարմար չէ հանձնաժողով ստեղծելը՛՛:
ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանն էլ հակադարձեց՝ շոուի նպատակ չկա. ՛՛Ես եմ եղել ներկայացնողը, ես նման նպատակ չեմ ունեցել՛՛: Ջհանգիրյանը զարմանում է՝ բոլոր պատգամավորները կողմ են, որ ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերը բացահայտվեն, սակայն մեծամասնությունը դեմ է այս նախաձեռնությանը:
՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը փորձում է հասկանալ՝ ինչու մեծամասնությունը չի քվեարկում: ՛՛Շատ բաներ, որ չեմ ասում, ուղղակի միկրոֆոնը թույլ չի տալիս, որ ասեմ՛՛,- Հակոբյանը եւս կոչ արեց կողմ քվեարկել:
Հակոբյանին չհաջողվեց շարունակել խոսքը. ԱԺ նախագահը պահանջեց անջատել վերջինիս միկրոֆոնը: ՛՛Պարոն Աբրահամյան, դուք կարգ եք խախտում՛՛,-արձագանքեց Հակոբյանը:
Ի վերջո, կազմակերպվեց քվեարկություն : Պատգամավորներից 46-ը կողմ քվեարկեցին, 66-ը՝ դեմ, 1-ը ձեռնպահ: