Վարչապետն ասում է՝ «լավ կլինի, մի վախեցեք», բայց որևէ կոմբայնավար ռիսկ չի անի` մտնի, կխփեն. Զանգակատունը կրակի տակ է
Արարատի մարզի Զանգակատուն գյուղը կրակի տակ է հայտնվել ՀՀ ԶՈւ-ի մեղքով. այսօր հրավիրված ասուլիսին բարձրաձայնեցին համայնքի ներկայացուցիչները: Հրապարակախոս, պ.գ.թ. Արմեն Կարապետյանը նշեց, որ գյուղը ռազմաճակատային գոտի է դարձել 2018 թ-ի ձմռան ամիսներից, երբ ադրբեջանական զինուժը անհասկանալի պատճառներով շուրջ 50 հա առաջ է եկել և գյուղի արոտավայրերը ու ցանքատարածքները դիտարկող մոտ 6 դիրք` դրել:
«Ըստ էության ստացվել է, որ դիրքերը հանձնել են, 25 տարուց ավելի խաղաղ վիճակում էր գյուղը՝ սահմանամերձ լինելով հանդերձ: Հիմա պատկերը կտրուկ փոխվել է 18-ի ձմռանից, գյուղի հատվածը դարձել է թեժ կետ, կրակոցներ, ինչպես ղարաբաղյան ճակատում է, դաշտերը հրդեհների մեջ են, մի շաբաթում երկու վիրավոր է եղել և ոչ մի պատասխան: Գրեթե հանելուկային պայմաններում այն տարածքները հայտնվել են հակառակորդի տիրապետության տակ, որը ազատամարտիկներն ազատագրել էին 91-92թթ-ին: Գյուղացիներն անհանգստացել են, ինչպես եղավ, որ հակառակորդը խաղաղ կերպով, աննկատ ձեռք բերեց այն տարածքները, որոնք ազատագրված էին»,-ասաց նա:
Ըստ Կարապետյանի՝ հիմա հայկական դիրքերը հանձնելուց հետո որևէ մեկը պատասխանատվություն չի վերցնում: «Անորոշ, հեղհեղուկ պատասխան են տալիս, իսկ գյուղի ժողովրդին, հարակից համայնքներին լարվածության մեջ են պահում»,-ասաց նա:
Ասուլիսին ներկա Զանգակատան ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Ժորա Մկրտչյանը 90-ականներին անձամբ է գյուղի պաշտպանական մարտերին մասնակցել: Ըստ նրա՝ Վազգեն Սարգսյանի հրամանով իրենց ջոկատը 91-ին ադրբեջանական Գյումուտ բնակատեղին վերցել են և ապա աշխարհագրական բարձր դիրքերը զբաղեցրել:
«Մենք գյուղը գրավել ենք, բայց բարձր դիրքում էինք տեղակայվել, և տարածքը չեզոք գոտի էր, ես եմ եղել հրամանատարը, քարտեզը նախօրոք գծագրել ենք, որ այսքան չենք կարող պաշտպանվել, ոչ էլ վերցնել և այնպես ենք սահմանը գծել, որ հողը մնա չեզոք գոտի: Այս տարվա հունվարի 2-ին, չգիտես՝ ինչ հրամանով էր, մեր դիտակետները, պոստերը հանել տվեցին, հետո փաստորեն Գյումուտ գյուղից արդեն գալիս են, տեսնում են՝ մարդ չկա, գարնան սկզբնական շրջանում մինապատված էր, միները հանում են, հանգիստ ձևով պոստեր դնում: Հիմա մենք պահանջում ենք պարզաբանել՝ ինչի համար են դիտակետերը հանվել, զինվոր չկա այնտեղ, որտեղից տեսներ, որ տարածքում մարդ է ման գալիս, թուրքա ման գալիս: Առանց որևէ դիմադրողական ուժի մերոնց կողմից մարդիկ եկան, գերեզմաններով, դրոշով հետ գնացին, հիմա դրանք նստել են վեց-յոթ պոստերում»,-ասաց նա:
Ըստ նախկին հրամանատարի՝ այլևս նրանց դիտարկման տակ է գտնվում Զանգակատուն համայնքի արոտավայրերը, դաշտերը, և հիմա այդտեղ հնարավոր չէ մոտենալ:
«Ուղղակի մեզ պարզ չի, ծառայության մեջ չեմ, ինչ ծրագրով, ինչպես ստացվեց մարդիկ եկան, առանց կրակոցի եկան նստեցին: Ոչ մի պարզաբանում չեն տալիս, իմ գրաված հողը դու ո՞վ ես, որ վերցրել, տվել ես թուրքին, ի՞նչ է՝ մեր արժանապատվության հետ եք խաղում: Դա եղել է ՀՀ-ի նախկին ղեկավարության օրոք, լռելյայն, նրանց համաձայնությամբ, որևէ գեներալ ինքնակամ չէր անի: Հիմա վարչապետը եկավ, ասում է՝ «լավ կլինի մի վախեցեք», բայց բերքը մնացել է, որևէ կոմբայնավար ռիսկ չի անի` մտնի, կխփեն»: