23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արցախում նոր շարժում է ստեղծվում

2012թ. սեպտեմբերի 9-ին, Արցախի Շուշի քաղաքում տեղի է ունեցել “Սահմանադրական Արցախ” քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի ժողովը: Ժողովում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր, մասնավորապես տարածքային կառույցների ստեղծման վերաբերյալ: Նոր քաղաքացիական շարժման նախաձեռնողների թվում են Վիտալի Բալասանյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Մասիս Մայիլյանը` ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, Գրիգորի Հայրապետյանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Վահան Բադասյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր:

Նախաձեռնող խումբն ընդունել է հայտարարություն, որը ներկայացված է ստորև.

Հայտարարություն

 “Սահմանադրական Արցախ

քաղաքացիական շարժման ստեղծման մասին

Արցախյան շարժումը ոչ միայն Հայաստանի հետ վերամիավորվելու շարժում էր, այլև  արժանապատիվ կյանք ունենալու և հայրենի հողում սեփական իրավունքների իրացման գործընթաց:

1988թ.-ից առ այսօր կան խնդիրներ, հատկապես արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, որոնց լուծման համար հարկավոր է նոր համախմբում և քաղաքացիական մեծ պատասխանատվություն:

Այսօր մեր հասարակությունը բախվել է լրջագույն ներքին մարտահրավերի՝ պետական կյանքից քաղաքացիների համընդհանուր օտարվածությանը և սահմանադրական օրինականության ոտնահարմանը:

Թեև Սահմանադրության համաձայն Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ներկայիս իշխանական շրջանակներն ամեն գնով ձգտում են հաստատել և կատարելագործել հակասահմանադրական մի համակարգ, որն ապօրինաբար զրկում է հասարակությանը սեփական ընտրությամբ իշխանություն ձևավորելու որևէ հնարավորությունից և ապահովում է մի խումբ մարդկանց իշխանության շարունակական վերարտադրությունը:

Հանրության կողմից իշխանության անվերահսկելիությունը հանգեցրել է պետական միջոցների յուրացմանն ու փոշիացմանը, մեծ չափերի հասնող կոռուպցիային, կամայականություններին և ազգային հարստության անարդար տնօրինմանը:

Ազգային տնտեսությունը ծանր վիճակում է երկրում տիրող անարդարության, հովանավորչության, ապօրինի մենաշնորհների և անհեռատես հարկային քաղաքականության պատճառով:

Գործարար ակտիվության փաստացի արգելակումը և իրավական պաշտպանվածության բացակայությունը հանգեցնում են Արցախից բնակչության և կապիտալի արտահոսքին: Իշխանությունների վարքագիծը՝ հասարակականի հանդեպ անձնականի գերակայությունն ու նյութապաշտությունը մեր հանրության մեջ սերմանում են խորթ արժեքներ և հանգեցնում հասարակության բարոյալքմանը:

Արատավոր բոլոր երևույթների նկատմամբ հասարակական կարծիքն ու ընդվզումն էլ չեն արտահայտվում  այն պարզ պատճառով, որ ապահովված չէ խոսքի ազատությունը և չի կայացել անկախ մամուլի ինստիտուտը։

Այս ամենը մեծապես բերում է ազգային պետության հանդեպ քաղաքացիների անվստահությանը, վնասում Արցախի միջազգային վարկանիշին և լրջագույն սպառնալիք է երկրի ազգային անվտանգության ու պաշտպանունակության համար:

Ելնելով իրավիճակի արմատական բարեփոխման, հասարակությունում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման և սահմանադրական կարգի հաստատման գերակա հրամայականից` Արցախի քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը հայտարարում է «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժում ստեղծելու մասին: Քաղաքացիական այս շարժումը նպատակադրված է ամենայն վճռականությամբ ձեռնամուխ լինել արցախյան հանրության հոգևոր և քաղաքական կյանքի առողջացմանը և ժողովրդի գլխավոր քաղաքական գործառույթի՝ օրինական ընտրությունների միջոցով պետական իշխանությունը ձևավորելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

Հռչակված նպատակներին հասնելու համար «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումն Արցախի հանրության գիտակից մասնակցությամբ իրականացնելու է.

  • Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աջակցություն,
  • Ազգային և հոգևոր արժեքների վրա հիմնված և երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը միտված նպատակասլաց գործունեություն,
  • Ազատ կամքի արտահայտման արգելակման և իր օրինական գործառույթների կատարումից հասարակությանը հեռացնելու ապօրինի մեխանիզմների վերացում,
  • Պետական իշխանության ձևավորման և վերջինիս վերահսկման գործընթացում հասարակության ակտիվ ներգրավման համար պայմանների ստեղծում,
  • Օրինական ընտրությունների անցկացման կայուն երաշխիքների ապահովում,
  • Սոցիալական արդարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության աջակցություն,
  • Քաղաքացիական շարժման կողմից իրականացվող գործունեության և քայլերի վերաբերյալ բնակչության իրազեկում:

Սույն խնդիրների լուծումն ապահովելու է քաղաքական պայքարում բոլոր գործող և ստեղծվելիք քաղաքական կուսակցությունների ազատ և իրավահավասար մասնակցությունը և խթանելու է երկրի քաղաքական կյանքում պետական իշխանության օրինական ձևավորման  սահմանադրական երաշխիքների արմատավորումը: Իշխանության համար պայքարը «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման նպատակների մեջ չի մտնում:

«Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը համերաշխության, միասնության և համագործակցության կոչ է հղում Արցախի բոլոր գիտակից ու պատրաստակամ քաղաքացիներին՝ միասնաբար և վճռականորեն գործելու հանուն ժողովրդի սահմանադրական իրավունքի հաստատման և ի նպաստ հիմնարար ազգային խնդրի՝ ազատ, իրավական և պաշտպանունակ պետության զարգացման:

“Սահմանադրական Արցախ” քաղաքացիական շարժումը համագործակցելու պատրաստակամություն է հայտնում  Արցախում, ՀՀ-ում և Սփյուռքում մեր մոտեցումներին և սկզբունքներին համախոհ բոլոր հայրենակիցների հետ, որոնց կոչ է անում առավել լայն և նախանձախնդիր կերպով մասնակցել արցախյան պետականաշինությանը և Մայր Հայրենիքում Հայոց պետականության պաշտպանության և հզորացման համազգային առաքելությանը:

9 սեպտեմբերի, 2012 թ

ք. Շուշի

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ