Ընտրական շեմը նվազեցնելու Ելք-ի առաջարկի վերաբերյալ ՀՀԿ-ն դեռ պաշտոնական դիրքորոշում չունի. Արփինե Հովհաննիսյան
ԸՕ պետք է ընդունվի լայն քաղաքական կոնսենսուսի միջոցով: ԱԺ փոխնախագահ, ԸՕ փոփոխությունների հարցով խորհրդարանական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանը Henaran.am –ի հետ զրույցում ասաց, որ շատ հարցերում արդեն իսկ բոլոր 4 խմբակցությունները կոնսենսուս ունեն: Նրա խոսքով,քննարկումների հիմնական առանցքը ընտրակարգի փոփոխության հարցն է:
«Խնդիրն այնպիսի մոդել գտնելն է, որը մի քանի հարց կլուծի: Խնդիր համար առաջին, որ տարածնքերը ներկայացված լինեն, այսինքն, մարզի ժողովուրդը ընտրի այն թեկնածուին, որին ինքը կհամարի արժանի ներկայացնելու իր շահերը խորհրդարանում »,- ասաց նա՝ հավելելով, որ չկա մի մոդել, որն անթերի կլինի:
Նշենք, որ քննարկվում են ամբողջությամբ փակ կամ բաց համամասնական ցուցակներով ընտրությունների գնալու, տարածքային ցուցակները պահպանելու եւ այլ գաղափարներ: Մյուս առանցքային խնդիրը ընտրական շեմի իջեցումն է: Առաջարկը Ելքինն է: Հանրապետականը դեռ պաշտոնական մոտեցում չունի, բայց Արփինե Հովհաննիսյանը միջազգային փորձն ու դրանից բխող շեմերի իջեցման կամ բարձրացման նպատակահարմարությունն է մատնանշում:
«Եթե մենք խոսում ենք խորհրդարանական կառավարման ձեւի մասին եւ քաղաքական ուժերի կայացվածության մասին, արդարացված է որպես իրավաչափ նպատակ, բարձր շեմեր ունենալը, այս դիրքրորշումն արտահայտված է տարբեր միջազգային փաստաթղթերում: Առաջավոր փորձը վկայում է, որ ցածր շեմերն ընդունելի են լավ կայացած ժողովրդավարություն եւ կայացած քաղաքական համակարգ ունեցող երկրներում»։ Նշենք, որ Ելքն առաջարկում կուսակցությունների համար շեմը 5-ից իջենել 4 տոկոսի, դաշինքների համար՝ 7-ից 6 տոկոսի:
«Տեսնենք քննարկումների ընթացքում ինչ կորոշվի»,- մեզ հետ զրույցում եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը: