04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հավատացե՛ք, սպարապետ, նա միշտ սարսափելու է Ձեր բացակա ներկայությունից

Այսօր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Մենք՝ ՛՛Հայոց Արծիվներս՛՛, անցյալ ժամանակով չենք ողջունում Ձեզ, սպարապե՛տ, որովհետև Դուք հաղթանակի բարձունքներից անդադար նայում եք մեզ և հպարտորեն հսկում Եռաբլուրում Ձեր շուրջը շարված տղաների անվտանգությունը, Դուք խոսում եք Ձեր անունով կոչված ռազմական ակադեմիայի լսարաններից, զորամասից, դպրոցներից ու փողոցներից, Ձեր իսկ նախաձեռնությամբ ստեղծված Երկրապահ կամավորականների միության հավաքներից: Հրամանատար-զինվորիդ համար ազգը նպատակ էր, հայրենիքը՝ մահապարտի երդում:

Դո՛ւք եք հաղթանակ տարած ժողովրդի աննահանջ պայքարի զավակը, հայոց ազգային բանակի մշակն ու սերմնացանը, 20-րդ դարավերջի մեր նոր փորձության երկաթյա կամքը, հայ ազգի դիմադրության անմերժելի ներկայությունը: Միշտ էլ ժողովուրդը օրհասական պահերին առաջնորդի ոգով է օժտում իր ամենաազնիվ զավակին՝ համոզված լինելով, որ եթե գեհենի միջով էլ նա անցնելու լինի, չի դավաճանի իր քաջ նախնիներին: Դուք ստացաք Ձեր ժողովրդի ամենամեծ պարգևը՝ սպարապետի կոչումը: 

Դուք զինվորն էիք Վարդան զորավարի, Անդրանիկ զորավարի, Նժդեհ սպարապետի, իսկ մենք՝  ՛՛Հայոց Արծիվներս՛՛, Ձե՛ր զինվորներն ենք: Անավարտ երազներիդ դրոշն ամուր է մեր ձեռքերում, քանզի պարտությունը՝ որպես պատմական հիշողություն, հակացուցված է հայերիս: Պատերազմի ամենօրյա վտանգը այսօր էլ Ձեզ հանգիստ չի տալիս:

Ձեր աննկուն ոգին շրջում է հայոց սահմանների վրա՝ զգաստության կոչ անելով կրտսեր զինակիցների ու սպաների՝ չդառնալ թշնամու դիպուկահարի զոհ, ամեն վայրկյան զգոն լինել հող հայրենիի անխոցելիության համար, որովհետև նա է հայի վերջին հանգրվանը: Մեր հզոր զենքը մեր ինքնապաշտպանությունն է: 

Թշնամու գնդակն անգամ խնայեց հերոսիդ, սակայն ազգիդ տականքը՝ ոչ: Հավատացե՛ք, սպարապետ, նա միշտ սարսափելու է Ձեր բացակա ներկայությունից: Շնորհավոր ծնունդդ, սպարապե՛տ՝ հայոց ազգային հզոր բանակի հավատավոր սերմնացան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ