Ո՞ր տարբերակը կընտրի Ռոբերտ Քոչարյանը. Ժամանակ
Հատուկ քննչակաՆ ծառայությունը տեղեկություն է տարածել, որ Մարտի 1-ի գործով քննչական խումբը մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին Նախարար Միքայել Հարությունյանին՝ սահմանադրական կարգը տապալելու, ապօրինի ռազմական դրություն հաստատելու, բանակը ներքին գործընթացների մեջ ներգրավելու համար:
Այս տեղեկությունը առանց վարանելու հնարավոր է որակել սենսացիոն՝ մի շարք պատճառներով: Առանցքայինն այստեղ, անշուշտ, ոչ թե Միքայել Հարությունյանն է ինքնին, այլ այն, որ նրան ներկայացվող մեղադրանքը ուղիղ ճանապարհ է դեպի Ռոբերտ Քոչարյան: Միքայել Հարությունյանն այն ժամանակ պաշտպանության նախարարն էր, եւ նա, ըստ Էության, ենթակա էր Գերագույն գլխավոր հրամանատարին: Իսկ Գերագույն գլխավոր հրամանատարը Ռոբերտ Քոչարյանն էր:
Այդպիսով, ստացվում է հետաքրքիր պատկեր՝ Միքայել Հարությունյանը կա’մ չի ընդունում մեղադրանքը, թեեւ կարծես թե հատուկ քննչական ծառայության տրամադրության տակ են փաստեր, փետրվարի 23-ի հայտնի հրամանը, որ դեռեւս 2008 թվականին հրապարակել էր ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը, եւ ըստ այդմ՝ Միքայել Հարությունյանին, ըստ էության, կմնա կա’մ ընդունել այդ ամենը եւ հայտարարել, որ դա եղել է բացառապես իր նախաձեռնությունը, կա’մ հայտարարել, որ ինքն ընդամենը կատարել է Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանը:
՛Ո՞ր տարբերակը կընտրի Միքայել Հարությունյանը: Սակայն հարցն ունի նաեւ այլ տեսանկյուն: Իսկ ո՞ր տարբերակը կընտրի Ռոբերտ Քոչարյանը: Նա կընտրի Միքայել Հարությունյանին մենակ թողնելո՞ւ տարբերակը, սպասելու, թե ինչ կասի Հարությունյանը, որը ներկայումս բավականին տարեց պաշտոնաթող զինվորական է, թե՞ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվությունը չի թողնի Միքայել Հարությունյանի վրա եւ չի սպասի, թե ինչ կասի կամ կանի նա, այլ հենց ինքը կհայտարարի, որ Միքայել Հարությունյանը ընդամենը կատարել է իր հրամանները, եւ ըստ այդմ՝ նրան վերագրվող մեղադրանքի գլխավոր հասցեատերն ինքն է: Իհարկե, դա չափազանց դժվար քայլ է, բավականին պատասխանատու եւ իսկական տղամարդկություն պահանջող քայլ: Կանի՞ այդպիսի քայլ Քոչարյանը:
Այսպես թե այնպես՝ ակնառու է, որ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունը պայթյուն է Մարտի 1-ի գործով, որը բացում է տասը տարի խցանված ընթացքը, եւ պաշտպանության նախկին նախարարին ներկայացվող մեղադրանքը, ըստ էության, անխուսափեւիորեն տանում է ոչ միայն դեպի Ռոբերտ Քոչարյան, այլնաեւ դեպի ընտրված նախագահ Սերժ Սարգսյան, դեպի ԱԺ ղեկավարություն եւ պատգամավորներ, որոնք Մարտի 1-ին արտակարգ դրության հարց են քվեարկել: Միքայել Հարությունյանի դեմ մեղադրանքը ուղղակի անխուսափելի է դարձնում այդ բոլոր սուբյեկտների հարցաքննությունը՝ առնվազն:
Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն, որ այդ շրջանակում ներառվում է, այսինքն՝ չի կարող չներառվել Զինված ուժերի Գլխավոր շտաբի այն ժամանակվա պետը՝ Սեյրան Օհանյանը, որը եւս Մարտի 1-ին հաջորդած իրավիճակում ունեցել է դերակատարում եւ առնվազն պետք է պատասխանի հարցերի:
Այդպիսով, տասը տարի անց Մարտի 1-ի գործը հայտնվում է լիովին նոր իրավիճակում՝ դոմինոյի Էֆեկտով, Երբ բավական է ձեռք տալ մեկին, եւ քանդվելու է ամբողջ շարքը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: