18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցվող նոր բազմաբնակարանների հարևանությամբ կհիմնվի քաղաքային պուրակ և մանկապարտեզ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի ընթացքին: Բնակարաններով ապահովման սոցիալական այս ծրագրերն իրականացվում են ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է շինհրապարակում, այցելել կառուցվող բնակարաններ ու ծանոթացել պայմաններին: Արսեն Քարամյանը նշել է, որ բնակելի համալիրներն ունեն 12 մասնաշենք, որոնցից 5-ը՝ 338 բնակարաններով, շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին, իսկ մնացած 7-ը՝ 490 բնակարաններով, 2015թ. հուլիս ամսին: Նա նաեւ հավելել է, որ շենքերը կառուցվում են ժամանակակից ճարտարապետական լուծումներով, մոնոլիտ-երկաթբետոնյա են, ունեն ստորգետնյա ավտոկայանատեղեր, իսկ առաջին հարկերն օգտագործվելու են հասարակական սպասարկման նպատակով:  

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը կանի ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքի այս հատվածում բնակիչների համար ապահովվի հարմարավետ քաղաքային միջավայր. «ՀՀ նախագահի հովանու ներքո 2008թ.-ից մեկնարկած այս ծրագրի շրջանակում արդեն 5 բազմաբնակարան շենքեր հանձնվել են շահագործման: Առաջիկա ամիսներին կավարտվի եւս 5-ի շինարարությունը: Եվ հաշվի առնելով, որ արդեն ձեւավորվում է առանձին թաղամաս, անհրաժեշտություն է առաջանում ապահովել նաեւ բնակիչների հարմարավետությունը: Վստահ եմ՝ բոլորդ եք համոզվել, որ քաղաքապետարանը միշտ էլ պատրաստակամ է նման ծրագրերին իր մասնակցությունն ունենալու եւ տարածքի բարեկարգման ու մեր համաքաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում: Ի դեպ, այս ծրագրի շրջանակում եւս 2 շենք էլ կառուցվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, եւ այնտեղ եւս քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները կապահովեն բնակիչների համար անհրաժեշտ պայմանները: Իսկ բնակարանների շահագործման հանձնելուց հետո մենք այստեղ նաեւ տրանսպորտային նոր երթուղիներ կավելացնենք: Ի դեպ, դեռ 2012 թվականին, երբ քաղաքապետարանի ճանապարհաշինական ծրագրերով իրականացրեցինք Ավանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին կապող ճանապարհի բարեկարգման աշխատանքները, որը շուրջ 40 տարի փակ էր, նաեւ այս նպատակով էինք նախաձեռնել եւ այն այսօր ամբողջովին երթեւեկելի է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:  

Հաշվի առնելով, որ իրականացվող բնակարանաշինական ծրագրերի արդյունքում առաջիկա տարիներին Ծարավ Աղբյուրի փողոցի այս տարածքները խիտ բնակեցվելու են եւ նորակառույցների հարեւանությամբ գտնվող ՀՀ ներքին զորքերի զորամասն էլ տեղափոխվելու է այլ վայր, ՀՀ նախագահի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանում քննարկվել է զորամասի տեղում քաղաքային պուրակ եւ մանկապարտեզ կառուցելու հնարավորությունը: Տեղում ծանոթանալով մանկապարտեզի եւ պուրակի նախագծերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սկսել պուրակի ձեւավորման եւ մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում: Ըստ այդմ, պուրակի կառուցումը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում, իսկ մանկապարտեզը շահագործման կհանձնվի 2015թ. սեպտեմբերին: Վերոնշյալ ծրագրերը կիրականացվեն Երեւանի քաղաքապետարանի կողմից. «Հստակ հանձնարարականներ տրվեց պատասխանատուներին, որպեսզի նախագծերը բերեն վերջնական տեսքի եւ սկսենք աշխատանքները: Պետք է նշեմ, որ շուրջ 230 երեխաներ հնարավորություն կունենան հաճախելու այդ մանկապարտեզ: Ընդ որում, նոր մանկապարտեզից եւ այգուց կօգտվեն ոչ միայն այս բազմաբնակարան շենքերի, այլեւ հարակից տարածքների բնակիչները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով մայրաքաղաքում ընդհանրապես իրականացվող սոցիալական բնակարանաշինությանը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանն առաջիկա տարիներին եւս շարունակելու է 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու  ծրագիրը. «2013թ. մենք բնակարաններով ապահովեցինք նման շուրջ 200 ընտանիքի, իսկ այս տարեսկզբին էլ հայտարարեցինք, որ 2015թ. կունենանք այդ նպատակով կառուցվող եւս երկու նոր բազմաբնակարան շենք: Սակայն ՀՀ նախագահի աջակցությամբ մենք կկառուցենք եւս երկուսը եւ մինչեւ 2015թ. տարեվերջ շահագործման կհանձնենք 4 շենք՝ շուրջ 400 բնակարաններով»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Պատասխանատուները տեղում քաղաքապետին են ներկայացրել նաեւ նորակառույց շենքերի ջրամատակարարման եւ ջրահեռացման նոր համակարգերի անցկացման նախագծերը: Քաղաքապետը հանձնարարել է լուծումներ տալ նաեւ հարակից տարածքների սեփական տնատիրությունների համանման խնդիրներին:  

Նշենք, որ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից բնակարաններով ապահովման սոցիալական այս ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 16,5 մլրդ ՀՀ դրամ եւ դրանք իրականացվում են ՀՀ երիտասարդ լրագրողների, բժիշկների, մանկավարժների, մարզիկների, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպությունների, բանկային համակարգի, պետական եւ հատուկ ծառայությունների երիտասարդ մասնագետների համար:

Պատասխանատուները վստահեցրել են քաղաքապետին, որ ծրագրի շրջանակում կկառուցվեն նաեւ մանկական խաղահրապարակներ, կանաչապատ հանգստի գոտիներ, ծառուղիներ եւ տարածքն էլ կապահովվի արտաքին լուսավորության նոր համակարգով: 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ